Կովիդ 19 հիվանդության հարուցիչ կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 330 հազարը, որոնցից 30 հազարն ամերիկացիներ են, իսկ պատվաստանյութը հասանելի կլինի միայն մեկ տարի հետո: Այնպես որ, աշխարհի երկրները պիտի պատրաստ լինեն ավելի ծանր կացության համար:
Քաղաքների մեծ մասում փողոցները դատարկ են, եւ նահանգապետերից շատերն են բողոքում, որ դաշնային կառավարության կողմից հատկացվող օգնությունն ուշանում է:
Ինչպես Նյու Ջերսիի նահանգապետն է ասում, իրենք ստանում են իրենց պահաջածի միայն մի փոքր հատվածը: ‘’Դրա արդյունքում կկորցնենք մարդկային կյանքեր, որոնք հնարավոր կլիներ փրկել անհրաժեշտ օգնության հասանելիության դեպքում’’, ասում է նա:
Կիրակի օրը մամլո ասուլիսի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփն այս հիվանդույթունը նորից ‘’չինական վիրուս’’ անվանելով, հայտարարեց, որ մատակարարումներն արդեն ուղղություն են վերցրել դեպի նահանգները:
‘’Մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ ու այլ մատակարարումներ ենք ուղարկել: Դրանց առաջին փոխադրումները շուտով կհասնեն Վաշինգտոն եւ Նյու Յորք նահանգները’’, ասել է Թրամփը:
Ի՞նչն է ամենամտահոգիչը: Այն, որ շարունակում է աճել ոչ միայն հիվանդների թիվը, այլ նաեւ վարակվածների տոկոսային հարաբերությունը: Այսօր աշխարհում հիվանդ է յուրաքանչյուր 14376 անձանցից մեկը: Ինչ վերաբերում է Իտալիայի ամենաշատը տուժած շրջանին, ապա այստեղ հիվանդ է յուրաքանչյուր տասից մեկը: