Մատչելի հղումներ

Կորոնավիրուսը տարածվում է, նրան հաղթելու հույսերը` մեծանում


Կորոնավիրուսը շարունակում է մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում, երբ այն շարունակում է իր տարածումն ու մարդկային կյանքեր խլելու սեւ արշավը: Միացյալ Նահանգներում շուտով յուրաքանչյուր հինգ մարդուց մեկը լինելու է տանը պարտադրաբար մնալու հրամանի ներքո: Այստեղ կորոնավիրուսը խլել է 18 500 հիվանդներից 230-ի կյանքը:

Աշխարհում վերջին տվյալների համաձայն հիվանդության վարակն է կրում 275 հազար մարդ, մահացել են ավելի քան 11 հազարը:

Մի շարք նահանգներում մարդկանց թույլատրված է դուրս գալ միայն մթերային խանութներում գնումներ կատարելու համար:

Նյու Յորքում տանն են բոլոր ոչ էական նշանակություն ունեցող աշխատանքներ իրականացնող անձինք: Բաց են միայն մթերային խանութները:

Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը դեռեւս բացառում է աշխատանքների համընդհանուր արգելափակում սկսելու հնարավորությունը ու հայտարարում, որ ‘’ԱՄՆ-ը հաղթում է վիրուսին’’:

Ու շատ դժվար է պատկերացնել, որ մի օր կդատարկվեն Լոս Անջելեսի փողոցները: Հոլիվուդում այսօր էլ շատ են հեծանվորդներն ու զբոսնողները, մարզական քայլքով զբաղվողները: Բայց սա ուրախ է թվում առաջին հայացքից: Իսկ երկիրը փակվում է հյուսիսից ու հարավից, երբ արգելվում են ոչ էական նշանակություն ունեցող ապրանքափոխադրումները Կանադայի ու Մեքսիկայի հետ:

Պետքարտուղար Փոմփեոն հորդորում է, որ բոլոր ամերիկացիները վերադառնան ԱՄՆ: Կորոնավիրուսը հասել է նաեւ փոխնախագահ Մայք Փենսի գրասենյակ: Կորոնավիրուսով է վարակվել գրասենյակի աշխատակիցներից մեկը:

Կանադայում այսօր կա կորոնավիրուսով վարակված ավելի քան 1000 մարդ: Մինչ այժմ մահացել է նրանցից 12-ը: Արգելվել է, որ որեւէ փախստական ոտքով մուտք գործի երկրի սահման:

Բաց են Նյու Յորքում ու Վաշինգտոնում նախագահ Թրամփի հյուրանոցները, չնայած այն հանգամանքին, որ 200 աշխատակիցներ ժամանակավորապես կրճատվել են:

Իսկ Հռոմի Պապն աղոթում է բոլոր ընտանիքների համար: Իտալիայում, որը կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկիրն է Եվրոպայում, աշխատանքների համընդհանուր դադարեցումը կշարունակվի նաեւ նախատեսված ապրիլի 3-ից հետո: Երկիր, որտեղ մեկ օրվա ընթացքում հայտնաբերված հիվանդությունների թիվը գերազանցել է նախորդ բոլոր տվյալներին` մեկ օրում կորոնավիրուսի նոր 627 դեպք:

Իսկ ինչպես ԱՄՆ-ի Ազգային հանրային ռադիոն է տեղեկացնում, ըստ գաղտնի մի ձայնագրության, ԱՄՆ-ի Սենատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահը տեղյակ է եղել կորոնավիրուսի լուրջ հետեւանքների մասին նախապես, եւ հանրությանը տեղյալ պահելու փոխարեն, հանել է դրամական շուկաներում երկուսուկես միլիոն դոլարի իր բոլոր ներդրումները, կորուստներից խուսափելու համար:

Այժմ հրաժարականի կոչեր են հնչում բոլոր այն չորս սենատորների նկատմամբ, որոնք անսպասելի կերպով դիմել են նույն քայլին: Չորս սենատորներն են հանապետականներ Ռիչարդ Բարրը, Ջիմ Ինհոֆեն, Քելլի Լոֆլերը եւ դեմոկրատ Դայան Ֆայնստայնը:

Ինչ վերաբերում է հեռավոր Ավստրալիային, ապա այստեղ ոստիկանությունը փակել է նաեւ հանրահայտ Բոնդիի լողափը, որտեղ հակառակ կառավարության հորդորներին, հավաքվել էր հսկայական բազմություն, մի քանի հազար մարդ:

Իսկ երբ աշխարհի ուշադրությունը կորոնավիրուսի դեմ պայքարի վրա է, Հյուսիսային Կորեան դեպի ծով է արձակում մոտ նշանառության բալիստիկ երկու հրթիռ: Հարավային Կորեայի զինված ուժերի հրամանատարությունը հորդորում է, որ Հյուսիսն անհապաղ դադարեցնի ‘’ոչ տեղին’’ փորձարկումները, երբ աշխարհում պայքարն ուղղված է ընդդեմ այլ արհավիրքի:

Չինաստանից ստացված հաղորդագրության համաձայն, երկրի նախագահ Սի Ծին Պինը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնին տեղեկացրել է, որ պատրաստ է զարկ տալ համագործակցությանը եւ համատեղ ջանքերով պայքարել ընդդեմ Ֆրանսիայում տարածվող կովիդ 19 հիվանդության:

Հորդանանում երկրով մեկ հնչած տագնապի ազդանշաններն ազդարարում են այստեղ պարետային ժամ սկսելու փաստը: Տասը միլիոն մարդ, ըստ պարետային ժամի օրենքների, պարտադրաբար պիտի մնա տանը: Պարետային ժամը հսկում են հատուկ ստորաբաժանումները, զրահապատ մեքենաների ուղեկցությամբ:

Միակ հուսադրիչ աղբյուրն այսօր Չինաստանն է, քանի որ Ուհան քաղաքում, որտեղից սկսվեց կորոնավիրուսը, ու որն ամենաշատը տուժեց այս հիվանդությունից, մարդկանց արդեն թույլատրվել է սկսել շփումներ իրենց բնակելի շենքերում: Քաղաք, որտեղ արդեն 14 օր է չի հայտնաբերվել կորոնավիրուսի որեւէ մեկ դեպք: Ինչպես բնակիչներն են ասում, իրենց քաղաքն արդեն վարակազերծ է, այն ինչ իրենք ցանկանում են ամբողջ աշխարհին եւ հավատում, որ այդպես էլ լինելու է:

XS
SM
MD
LG