Մատչելի հղումներ

Կորոնավիրուսը` Միացյալ Նահանգներում


ԱՄՆ-ը ու Կանադան եկան սահմանը նաեւ միմյանց միջեւ փակելու մասին համաձայնության: Նախագահ Թրամփի խոսքերով սակայն, առեւտուրը կողմերի միջեւ կանգ չի առնի: Ասենք, որ Կանադան մեծապես է կախյալ ԱՄՆ-ի հետ առեւտրից, քանի որ արտահանումների 75 տոկոսն ապահովում են ԱՄՆ արտահանվող ապրանքների ծավալները:

Սովորական պայմաններում երկու երկրների միջեւ սահմանն ամեն օր հատում է մոտ 200 հազար մարդ: Երկու երկրների միջեւ առեւտուրն ամեն օր կազմում է 2 միլիարդ դոլար: Սակայն ԱՄՆ-ում կորոնավիրուսն այսօր առկա է բոլոր 50 նահանգներում: Այս ցանկին վերջինը միացավ Արեւմտյան Վիրջինիա նահանգը, որտեղ հայտնաբերվեց հիվանդության առաջին դեպքը: Ընդհանուր առմամբ կա վարակված 6500 մարդ: Մահացել է 114 հիվանդ:

Թրամփի վարչակազմը փորձում է տնտեսության խթանիչ ծրագրի շրջանակներում շրջանառության մեջ դնել 1 տրիլիոն դոլար: Սակայն, եթե Կոնգրեսը հրաժարվի հաստատել փաթեթը, Միացյալ Նահանգներում գործազրկությունը կհասնի 20 տոկոսի, ինչը երկու անգամ կգերազանցի 2008 թվականի տնտեսական ճգնաժամի գործազրկության ցուցանիշը:

Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլասիոն երկու օրերի ընթացքում կայացնելու է 8 միլիոն 500 ազգաբնակչությանը տներում մնալու մասին որոշում: Այդ դեպքում նրանք կունենան միայն մթերային խանութներ գնալու, կարճ զբոսնելու, դեղատուն այցելելու իրավունք: Այսինքն, ‘’քաղաքը, որը երբեք չի քնում’’, կարող է նիրհել նույնիսկ կեսօրին:

Սակայն, ինչպես Նյու Յորք նահանգի կառավարիչ Էնդրու Քուոմոն է ասել, ինքը կմերժի այդ ծրագիրը: Նման որոշում արդեն ուժի մեջ է մտել Սան Ֆրանցիսկոյում, որտեղ 6 միլիոն 700 հազար մարդ պիտի օրն անցկացնի տներում մինչեւ ապրիլի 7-ը:

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող են նույնիսկ սահմանափակվել տարբեր նահանգների միջեւ ճամփորդությունները: Նա կորոնավիրուսը նորից անվանել է ‘’չինական վիրուս’’, չնայած Չինաստանի կողմից բողոքներին: Նրա քննադատներն այն նույնիսկ ռասիստական հայտարարություն են համարում: Թրամփը սակայն ասում է, ‘’Այո այդպես եմ ասում, քանի որ այն ծագել է Չինաստանից’’:

XS
SM
MD
LG