Մատչելի հղումներ

 Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ չի լինի մինչեւ աշուն


‘’Մեր այսօրվա թշնամին կորոնավիրուսն է, եւ մենք բոլորս ամեն ինչ պիտի անենք մեր ժողովուրդներին ու մեր տնտեսությունները պաշտպանելու համար’’: Այս մասին է հայտարարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, որն ասել է նաեւ, թե Եվրոպրական միությունը փակելու է իր արտաքին սահմանները:

Իսկ Եվրոպան այս օրերին արդեն իսկ նմանվում է ուրվականի, երբ Բեռլինն արթնանում է դատարկ փողոցներով, փակ բարերով, սրճարաններով ու ռեստորաններով:

Իտալիայի վարչապետի խոսքերով, կորոնավիրուսն առաջ է բերում ‘’սոցիալ-տնտեսական ցունամի’’, որից որեւէ երկիր չի կարողանալու խուսափել:

Եվրոպական միության արտաքին սահմաններից զատ, եվրոպական երկրների միջեւ փակվում են նաեւ ներքին սահմանները, երբ քաոսը շարունակվում է անցումային կետերում եւ օդանավակայաններում:

Իսպանիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է մահացության ավելի քան 500 դեպք, որը Եվրոպայում վարակվածների ու մահացությունների թվով երկրորդն է Իտալիայից հետո:

Ավստրիայի ու Հունգարիայի միջեւ սահմանին հերթերը հասնում են 20 կիլոմետրի:

Լատվիան, Լիտվան ու Էստոնիան քննադատում են Լեհաստանին, որը թույլ չի տալիս իր տարածքն օգտագործել որպես տարանցիկ երկիր իրենց քաղաքացիների տունդարձն ապահովելու համար:

Ստեղծվել է քաոս, որից դուրս գալու համար Եվրամիության ղեկավարներն այժմ գալիս են համաձայնության, որ հարկավոր է բացել փակված սահմանները:

Վերջին տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 201 հազարի: Եվրոպան այսօր համարվում է այս համաճարակի էպիկենտրոնը, որտեղ հիվանդությունից մահացել է ավելի քան 3900 մարդ: 81 հազար մարդ է մինչ այժմ ապաքինվել: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, հիվանդության թույլ նշաններ ցույց տվող անձինք ապաքինվում են երկու շաբաթում, ավելի ծանր ախտանիշների դեպքում բուժումը տեւում է երեքից վեց շաբաթ:

Ինչ վերաբերում է Իրանին, այստեղ մեկ օրում գրանցվել է մահացության եւս 147 դեպք, ընդհանուր թիվը հասցնելով 1135-ի:

Իսրայելում տնային կարանտինի տակ են պահվում տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում կառավարության երկու նախարարներ ու երկու պատգամավորներ: Ոստիկանությունն այստեղ ձերբակալու է նրանց, ովքեր չեն հարգում տասից ավելի անձանց մասնակցությամբ հավաքներ չանցկացնելու հրամանը:

Չնայած բոլոր ջանքերին եւ տարբեր կառավարությունների կողմից իրականացող քայլերին, համաշխարհային տնտեսությունն արագ անկում է գրանցում: Միայն այն փաստը, որ բենզինն անցած 17 տարիների ընթացքում գրանցել է ամենացածր գինը, արդեն հանդես է գալիս որպես ասվածի ապացույց: Աշխարհի մի շարք երկրներում իրենց աշխատանքն են դադարեցնում նույնիսկ ավտոարտադրող գործարանները:

Դրամական շուկաներում շարունակում է արագ անկումը: Միայն Դոու Ջոնսը մեկ օրվա ընթացքում կորցրել է իր արժեթղթերի գնի 4 տոկոսը:

Միացյալ Նահանգները որոշել է շրջանառության մեջ դնել 1 տրիլիոն դոլար հավելյալ գումար տնտեսության խթանիչ ծրագրի շրջանակներում: 350 միլիոն ֆունտ ստերլինգի չափով խթանիչ ծրագիր է ներկայացրել Մեծ Բրիտանիան:

Ինչպես Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն է ասում, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի ոչ վաղ քան աշնանը:

XS
SM
MD
LG