Չնայած այն հանգամանքին, որ քաղաքական միջոցառումների մեծ մասը չեղյալ են հայտարարված Միացյալ Նահանգներում, երեքշաբթի օրը չորս նահանգներում նախատեսված նախնական ընտրությունները տեղի կունենան:
Գլխավոր հավակնորդներից Բերնի Սանդերսը Չիկագոյում ողջունում է իր համակիրներին եւ ուրախ է, որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները: Սակայն ինչպես հարցումներն են ցույց տալիս, ձայների մեծամասնությունը նրա մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդընի կողմն է, որը շարունակում է հայտարարել, որ իրենց գլխավոր նպատակը Դոնալդ Թրամփին պարտության մատնելն է:
Սանդերսն էլ, առանց հանձնվելու, շարունակում է անկոտրում պայքարը ու հորդորում, որ երեքշաբթի օրը մարդիկ ցուցաբերեն մեծ ակտիվություն: Սանդերսը մեծ աջակցություն է վայելում18-29 տարեկան երիտասարդների շրջանում, սակայն հարցն այն է, որ այս տարիքի մարդիկ շատ ավելի քիչ ակտիվություն են ցուցաբերում քվեարկելու ժամանակ:
Նրանք շուտ ոգեւորվում են, սակայն հեշտությամբ են ենթարկվում այն մտքին, որ միայն իրենց ձայնը ոչինչ չի փոխի:
Հարցումների արդյունքը ցույց է տալիս նաեւ, որ քվեարկելու իրավունք ունեցող մարդկանց մեծ մասը հավատացած է, որ Թրամփին հաղթելու ունակ ամենաուժեղ թեկնածուն Ջո Բայդընն է:
Ըստ նույն հարցումների, Սանդերսը հետ է մնում բոլոր այն չորս նահանգներում, որտեղ երեքշաբթի օրն անցկացվելու են նախնական ընտրություններ: Ու շատերն են ասում, որ Սանդերսը պարզապես սպասում է ընտրություններում անակնկալի:
Ինչ վերաբերում է հավաքներին ու խոշոր հանդիպումներին, որոնց ժամանակ հավակնորդները փորձում են իրենց կողմը գրավել ավելի մեծաթիվ չկողմնորոշված քաղաքացիների, այս պահին չեղյալ են հայտարարվել եւ ընտրողների հետ կապը պահպանվում է միայն առցանց: