Մատչելի հղումներ

Կորոնավիրուսը պաշտոնապես ճանաչվեց «համաճարակ»


ԱՀԿ կորոնավիրուսը ճանաչել է որպես «համաճարակ»: Այն խաթարում է շատ երկրներում բնականոն կյանքի ընթացքը և խուճապային տրամադրություններ առաջ բերում: Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը որակել է «համաճարակ»: Այս որակումը տրվում է այն հիվանդություններին, որոնք միաժամանակ տարածվում են շատ երկրներում: Կազմակերպության ղեկավարը կոչ է անում կառավարություններին «անհապաղ և ագրեսիվ գործողություններ» ձեռնարկել՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով հիվանդների թիվն անցավ հազարը: Այն տաածվել է շուրջ 39 նահանգներում: Հիվադությունից մահացածների թիվը հասել է 31-ի: Ամենաշատ դեպքեր գրանցվել են Վաշինգտոն, Նյու Յորք և Կալիֆոռնիա նահանգներում:

Իտալիան Եվրոպայում այս պահին ամենաշատն է տուժել կորոնավիրուսի տարածումից: Երկրի կառավարությունը արտակարգ միջոցների է դիմել հիվանդության դեմ պայքարելու հարցում: Իտալացիներից շատերը ըմբռնումով են մոտենում կառավարության միջոցառումներին:

Նոր կանոնները սահմանափակում են իտալացիների տեղաշարժը, բացառությամբ աշխատանքի գնալու, բժշկական կարիքները հոգալու կամ արտակարգ իրավիճակների դեպքերում:

Հիվանդությունը տարածվում է նաև այլ երկրներում: Լիբանանում գրանցվեց մահացության առաջին դեպքը: Կառավարությունը կոչով դիմել է քաղաքացիներին հավելյալ զգունություն ցուցաբերել: Չնայած դրան, որոշ քաղաքացիներ լուրջ չեն մոտենում համաճարակի խնդրին:

Հայաստանում վերջին օրերին արձանագրվեց կորոնավիրուսի երեք նոր դեպք, որի մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ Փաշինյանի տրամադրած տեղեկության՝ նոր հիվանդներից երկուսը ՀՀ քաղաքացի են, երրորդը՝ Իտալիայի: Երեքն էլ ժամանել են Հայաստան Իտալիայից և այս պահին գտնվում են բժիշկների հսկողության ներքո: Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին։

Դրա հետ մեկտեղ մի շարք վայրերում կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը հաղթահարվում է: Կանարյան կղզիների Թեներիֆ կղզու հյուրանոցներից մեկում հյուրանոցի հյուրերը տոնում էին երկշաբաթյա կարանտինի վերացումը: Հյուրանոցը հատուկ ռեժիմի տակ էր վերցվել այն բանից հետո, երբ այստեղ էր մնացել մի բժիշկ, ում մոտ հայտնավբերվել էր կորոնավիրուս:

Համաշխարհային շուկան որոշակի աճ է արձանագրել վերջերս գրանցված կտրուկ անկումից հետո: Փորձագետներն այս զարգացումը բնական են համարում, քանի որ կտրուկ անկումներին մշտապես հաջորդում է որոշակի աճը։ Սակայն ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և անորոշ: Որոշակի աճ են արձանագրել նաև նավթի գները:

Facebook Forum

XS
SM
MD
LG