Մատչելի հղումներ

Կորոնավիրուսի ուրվականը՝ Վաշինգտոնում


Կորոնավիրուսը դարձավ պատճառ, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում թեկնածու դառնալու նպատակ ունեցող դեմոկրատ հավակնորդներ Ջո Բայդընն ու Բերնի Սանդերսը չեղյալ հայտարարեին ընտրողների հետ երեքշաբթի օրը նախատեսված հանդիպումները։ Նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողների հետ իր հանդիպումները դադարեցրել էր դեռեւս ինն օր առաջ։ Ինչ վերաբերում է Արիզոնայում կիրակի օրը Սանդերսի ու Բայդընի միջեւ անցկացվելիք հեռուստաբանավեճին, ապա այն անցնելու է առանց հանդիսատեսի։

Թրամփն այս ընթացքում շարունակում է վստահեցնել ամերիկացիներին, որ չնայած այստեղ կորոնավիրուսի հայտնաբերված հարյուրավոր դեպքերին, իրավիճակը վերահսկելի է։ ՝՝Կորոնավիրուսը շուտով կհեռանա այստեղից։ Մնացեք հանգիստ, այն գնալու է այստեղից՛՛, հայտարարում է Թրամփը։ Ինչ վերաբերում է տնտեսության վրա դրա ազդեցությանը, այն գուցե երկար ժամանակ չգնա, ասում են տնտեսագետները։

Դեմոկրատները քննադատում են Թրամփի վարչակազմին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու գործում իրականացվող միջոցառումների ՝՝անբավարարության՛՛ համար։ Սենատում դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը դա անվանում է ՝՝անիրազեկության հետեւանք՛՛։

Փոխնախագահ Մայք Փենսը, որը ղեկավարում է վիրուսի դեմ մղվող աշխատանքները, հայտարարում է, որ թեսթավորման հնարավորություններ այսօր ունեն բոլոր նահանգները ՝՝եւ շաբաթավերջին կունանանք 4 միլիոն թեսթ անցկացնելու հնարավորություն՛՛, ասում է նա։

ԱՄՆ-ի դաշնային մի շարք հաստատություններ են այս օրերին փորձում իրենց աշխատանքներն իրականացնել տնից։ Կոնգրեսի մի շարք անդամներ պահանջում են դադարեցնել օրենսդիր մարմնի աշխատանքները։ ՝՝Կոնգրեսը չպիտի հեռանա Կապիտոլիումից, քանի որ օրենսդիրները շատ աշխատանք ունեն իրականացնելու համար՛՛, ասում է Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, իսկ Չաք Շումերն ավելացնում, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին պայմանը պիտի լինի անվճար թեսթավորումը։

XS
SM
MD
LG