Մատչելի հղումներ

Թուրքիան ու Եվրամիությունը դժվարանում են հարթել փախստականության հետ կապված խնդիրը


Թուրք-հունական սահմանին շարունակվում են փախստականների կուտակումները։ Չնայած այն հանգամանքին, որ նրանց թիվը հասնում է հազարների, Անկարայի ու Բրյուսելի միջեւ բանակցությունները չեն կարողանում դուրս գալ փակուղուց։ Թուրքական կողմը, ըստ Հունաստանի, քանդում է երկու երկրների միջեւ կառուցված ցանկապատը, որպեսզի փախստականներն անցնեն դեպի Հունաստան, այսինքն՝ Եվրամիության տարածք։ Հունական կողմն էլ, ըստ Թուրքիայի, կրակ է բացում ընդդեմ փախստականների։ Կողմերը հերքում են մեկը մյուսի մեղադրանքները, իսկ փախստականները հայտնվել են մի իրավիճակում, երբ չգիտեն պիտի գնան առաջ, թե դեպի հետ։

Այս ընթացքում Թուրքիայի նախագահն այց է կատարում Բրյուսել, որտեղ դժվար կլիներ ասել, թե հարցերը միմյանց միջեւ լուծվում են։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերով, ամեն ինչ պիտի լուծվի 2Օ16 թվականին կնքված Եվրամիություն-Թուրքիա պայմանագրի համաձայն, որն, ըստ նրա, ունի որոշումներն ուժի մեջ մտցնելու որոշ խնդիրներ։

Ըստ այդ պայմանագրի Եվրոպան Թուրքիային պիտի հատկացներ 6 միլիարդ դոլար եւ թուրքերին տար դեպի Եվրամիություն ճամփորդելու հարցում արտոնություններ։ Դրան ի պատասխան Թուրքիան չպիտի թույլ տար, որ փախստականներն իր տարածքից անցնեին դեպի Եվրամիություն։ Այժմ Թուրքիան բողոքում է, որ Եվրամիությունը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները։ Այդ պատճառով էլ, հայտարարում է Թուրքիան, փախստականների առջեւ ինքը բացում է սահմանը դեպի Եվրոպա։

Եվրամիությունն էլ մեղադրում է Թուրքիային, որ այն չի կատարել վիզաներն ազատականացնելու համար նախատեսված պայմանները, որոնցից գլխավորը մարդու իրավունքների պաշտպանությունն է։
Այս ընթացքում Էրդողանը շարունկում է հռետորաբանությունը եւ սահմանին հայտնված հազարավոր փախստականների խղճուկ վիճակի մեղքը փորձում բարդել Արեւմուտքի վրա։

Մյուս ամենալուրջ խնդիրը կապված է նոր կորոնավիրուսի հետ։ Արդյո՞ք փախստականների շրջանում չկան կովիդ 19 հիվանդությամբ տառապող մարդիկ։ Դա ճշտելու նպատակով է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնաժողովը փախստականների ճամբար ուղարկել փորձագետների մի խումբ։

XS
SM
MD
LG