Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը սկսեց իր զորքերի դուրսբերումն Աֆղանստանից


Թալիբանի հետ կնքված պայմանագրի համաձայն ԱՄՆ-ը երեքշաբթի օրը սկսեց դուրս բերել իր զորքերն Աֆղանստանից։ Այս համաձայնագրի նպատակն Աֆղանստանում խաղաղություն հաստատելն է։ Ըստ պայմանագրի Միացյալ Նահանգները եկող 135 օրերի ընթացքում իր զորքերի թվակազմը 12 հազարից իջեցնելու է 8 6ՕՕ-ի։

Աֆղանստանի կառավարությունը, հիշեցնենք, որ չի մասնակցել փետրվարի 29-ին համաձայնագրի ստորագրմանը, եւ նախագահ Աշրաֆ Ղանին ասել է, թե չի ընդունում որպես նախապայման թալիբ բանտարկյալներին ազատ արձակելու պահանջը։ Սակայն սպասվում է, որ նրա կառավարությունը նույնպես կսկսի բանակցություններ թալիբների հետ։ Երկուշաբթի օրը նախագահի պարտականությունները երկրորդ անգամ ստանձնելու երդմնակալության արարողությունից հետո, նա պատրաստվում է արձակել այս շաբաթվա ընթացքում թալիբ 1ՕՕՕ գերիների ազատ արձակելու մասին հրաման։

Գնդապետ Սոննի Լեգեթը, որն Աֆղանստանում ամերիկյան ուժերի խոսնակն է, հայտարարել է, որ չնայած հետքաշման որոշմանն ու փաստին, այստեղ են շարունակում մնալ ամերիկյան ռազմական բոլոր միջոցները եւ ղեկավարությունը։ Ու եթե թալիբները հարգեն հրադադարի մասին պայմանագրի բոլոր կետերը, ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները եկող 14 ամիսների ընթացքում Աֆղանստանից կհանեն իրենց բոլոր ուժերը։ Թալիբանն էլ պարտավորվել է չիրականացնել որեւէ հարձակում, ինչպես նաեւ խոստացել է թույլ չտալ, որ ալ Քաիդան կամ ծայրահեղական որեւէ այլ խմբավորում գործի իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Հիշեցնենք, որ Թալիբանին Աֆղանստանի իշխանությունից հեռացրեցին ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ուժերն այն բանից հետո, երբ ալ Քաիդան 2ՕՕ1 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացրեց ահաբեկչական հարձակումներ ընդդեմ ԱՄՆ-ի։ Սակայն անցած տարիների ընթացքում թալիբներին հաջողվեց վերախմբավորվել, որն այժմ իր վերահսկողության տակ է պահում Աֆղանստանի ավելի քան երկու երրորդը։

Թվում է, թե ամեն ինչ ընթանում է իր հունով։ Սակայն, այստեղ արդեն սկսվել են քաղաքական անկայունությամբ սպառնացող զարգացումներ, երբ Աֆղանստանում անցկացվեցին երդման երկու արարողություններ նույն պաշտոնի՝ նախագահի աթոռի համար։ Երկրի ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ վերընտրվել է գործող նախագահ Ղանին, նրա մրցակից Աբդուլլահ Աբդուլլահը՝ պնդում, որ հաղթել է ինքը։

Քաղաքական վտանգավոր ճակատամարտ, որը կարող է մեծապես վնասել Թալիբանի հետ սպասվող բանակցությունները, երբ 2 4ՕՕ զոհ տված ամերիկյան ուժերն արդեն սկսել են դուրս գալ այստեղից։

XS
SM
MD
LG