Նախագահ Թրամփն այժմ ուզում է ավելի մեծ ու ավելի ամուր պատ կառուցել, այս անգամ ոչ թե Մեքսիկայի հետ սահմանին, այլ նախագահական պալատի`Սպիտակ տան շուրջը:
Հին ցանկապատը նորով փոխարինելու աշխատանքների առաջին մասը սկսված է: Նոր ցանկապատն ունի չորս մետր բարձրություն, ինչը երկու անգամ բարձր է նախորդից: Ցանկապատի ձողերն ավելի հաստ են ու ավելի ամուր, որոնք հագեցած են մագլցելու ու այստեղից ներխուժում իրականացնելու փորձերը կասեցնող տեխնոլոգիական միջոցներով:
Սպիտակ տան առաջին ցանկապատը, որը կառուցվել էր նախագահ Թոմաս Ջեֆերսոնի օրոք 1800-ականներին, եղել է փայտյա: Տարիների ընթացքում դրան փոխարինելու են եկել քարե սյուներն ու երկաթե ցանկապատը: Սակայն այս ցանկապատը չի ունեցել մարդկանց հեռու պահելու նպատակ: Այցելուներն ազատ կերպով ունեցել են Սպիտակ տան բակում զբոսնելու հնարավորություն:
Ինչպես պատմաբան Մեթյու Կաստելլոն է ասում, ‘’Շատ դյուրին է եղել Սպիտակ տուն մուտք գործելը: Պատկերացրեք, նախագահն աշխատում է երկրորդ հարկում, եւ հանկարծ նրա գրասենյակ են մուտք գործում աշխատանք որոնող անձինք, լոբբիստներ, կամ նրանք, ովքեր պարզապես ուզում են մոտից տեսնել նախագահին’’:
Սակայն 1865-ից 1901 թվականներն ընկած 36 տարիների ընթացքում երեք նախագահի սպանություն տեսած Սպիտակ տունը որոշեց իր անվտանգությունը հանձնել ԱՄՆ-ի գաղտնի ծառայություններին:
ԱՄՆ-ի կերպարվեստի հանձնաժողովն աշխատանքներ է իրականացնում, որ այժմ նոր ցանկապատի կառուցման արդյունքում գեղեցկությունը չզիջի ամրության պատճառով:
Ինչպես հանձնաժողովի անդամներից Թոմաս Լյուբկեն է ասում, ‘’Չեք կարող նախկին ցանկապատը պարզապես երկու անգամ բարձրացնել ու երկու անգամ հաստացնել: Հարկավոր է մասնագիտական մոտեցում նյութի ընտրությունը, ձեւը, զարդը, չափսը ընտրելու համար’’:
Ցանկապատի կառուցումը կավարտվի 2021 թվականին, որից հետո ուշադրությունը կտեղափոխվի դեպի Սպիտակ տան համալիրի մյուս հատվածների վրա, ինչը, ըստ Թոմաս Լյուբքեի, նորից պահանջում է անվտանգության եւ գեղագիտության համադրում:
Այսինքն` այնպիսի ներքին ու արտաքին պաշտպանություն, որը չի խաթարում Վաշինգտոնի ամենատեսարժան վայրերից մեկի ոչ ներքին ոչ էլ արտաքին գեղեցկությունը: