Մատչելի հղումներ

Նախնական ընտրություններում մենամարտը շարունակվում է Բայդընի ու Սանդերսի միջեւ


ԱՄՆ-ի վեց նահանգներում երեքշաբթի օրն անցկացվելու է Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահական ընտրությունների համար թեկնածու ընտրելու քվեարկություն, երբ կուսակցական ընտրապայքարում մնացել են հավակնորդներից երկուսը` նախկին փոխնախագահ Ջո Բայդընը եւ Վերմոնթը ներկայացնող սենատոր Բերնի Սանդերսը:

Ընտրապայքարից դուրս եկած նախկին հավակնորդների մեծ մասը հաստատել են Բայդընի թեկնածությունը, այսինքն համակիրներին կոչ են արել իրենց ձայնը տալ Բայդընին: Նրանց շարքում են Փիթ Բութեջեչը, Էմի Քլոբուչարը եւ Մայքըլ Բլումբերգը:

Բայդընն ասում է, թե Սանդերսը, որն իրեն կոչում է ժողովրդավարական սոցիալիստ, իր շուրջը համախոհներ հավաքելու համար չափից շատ է անցնում ընդունելի սահմանները: ‘’Ես հավաստիացնում եմ ձեզ’’, ասում է Բայդընը, որ ‘’մենք համախմբելու ենք բոլոր ռասաները ներկայացնող ամերիկացիներին, անկախ ծագումից, սեռից, տնտեսական իրավիճակից, անկախ նրանից համակրում են նրանք Դեմոկրատական, թե Հանրապետական կուսակցությանը’’:


Սանդերսը վստահ է, որ ինքը խանդավառություն է ծնել աշխատավոր ու երիտասարդ ամերիկացիների շարքերում:
‘’Կալիֆորնիայում, Յութահում, Քոլորադոյում ու Վերմոնտում հաղթելուց հետո, մենք հաղթելու ենք նաեւ Միչիգանում ու Վաշինգտոն նահանգում’’, ասել է նա այստեղ անցկացրած հանդիպումների ժամանակ:

Սանդերսին իր աջակցությունն է հայտնել քաղաքացիական իրավունքների պաշտպան Ջեսի Ջեքսոնը, ինչը կարող է օգնել, որպեսզի ավելի մեծաթիվ սեւամորթ ամերիկացիներ կանգնեն Սանդերսի կողքին, երբ սեւամորթների աջակցության վրա է մեծապես իր հույսը դնում նաեւ Բայդընը:


XS
SM
MD
LG