Մատչելի հղումներ

 Կորոնավիրուսը տարածված է աշխարհի 102 երկրներում


Կովիդ 19 հիվանդությամբ ամբողջ աշխարհում կիրակի օրվա տվյալներով տառապում է 105,586 մարդ, ինչը նախորդ օրվա տվյալները գերազանցում է 3656-ով:

Չինաստանից դուրս գրանված 24,727 հիվանդներից մահացել է 484-ը, մեկ օրում այդ ցուցանիշը բարձրացնելով 71-ով:

Կիրակի օրը հիվանդության առաջին դեպքերն են գրանցվել Բուլղարիայում, Կոստա Ռիկայում, Ֆարոեի կղզիներում, Ֆրանսիական Գվինեայում, Մալդիվներում, Մալթայում, Մարտինիկում ու Մոլդովայում: Այսպիսով ամբողջ աշխարհում կորոնավիրուսը տարածված է 102 երկրներում:

Չինաստանի կառավարությունը խոստացել է 20 միլիոն դոլար հատկացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` նպաստելու համար կորոնավիրուսի դեմ միջազգային պայքարին, ինչին կազմակերպության տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսը պատասխանել է շնորհակալական խոսքով ու ավելացրել, որ այս ուղղությամբ շարունակվելու է համագործակցությունը Պեկինի հետ:

Հարավային Կորեայում, որը կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից մեկն է, մեկ օրվա ընթացքում գրանցել է անցած 11 օրերի համեմատ հիվանդության նոր դեպքերի ամենացածր ցուցանիշը: Կիրակի օրն այստեղ հայտնաբերվել է 96 դեպք, մի երկիր, որտեղ կովիդ 19 հիվանդությունով տառապում է 7,478 մարդ: Հիվանդությանն այստեղ զոհ է գնացել 51մարդ:

Ճապոնիայում բացի Diamond Princess զբոսանավում գրանցված 696 դեպքերին, կա վիրուսով վարակված եւս 485 մարդ:

Սինգապուրը Թաիլանդում եւ Մալայզիայում խարիսխ նետելու իրավունքից զրկված իտալական զբոսանավին տվել է իր ափերում կայանելու իրավունք: Այս երկրում այսօր կա կորոնավիրուսով վարակված 150 մարդ:

Եվրոպայում կորոնավիրուսի դեպքեր են այսօրվա տվյալներով գրանցված 40 երկրներում: Ամենամեծ թվով հիվանդության դեպքերը գրանցվել են Իտալիայում`7375, որոնց թվում են մահացածներն ու առողջացած անձինք:

Ֆրանսիան, որտեղ գրանցվել էր Եվրոպայում կովիդ 19 հիվանդության առաջին դեպքը, անցած մեկ օրում հայտնաբերել է նոր 177 դեպք, ինչը հիվանդների թիվը հասցնում է 1,126-ի: Այստեղ մահացել է ինը մարդ:

Գերմանիայում հիվանդների թիվը կազմում է 902` մեկ օրվա ընթացքում ավելանալով 107-ով:

Իսպանիայում կա գրանցված 589 դեպք: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 10 հիվանդ:

Պայքարն ընդդեմ կովիդ 19-ի շարունակվում է: Կա տարածման արագության անկման միտում:

XS
SM
MD
LG