Մատչելի հղումներ

Ով է ավելի վտանգավոր մրացակից Թրամփի համար Բայդեն-Սանդերս զույգից


Նախկին փոխնախագահ Ջո Բայդենի՝ սուպերերեքշաբթիի նախնական ընտրություններում արձանագրած հաջողությունից հետո հանրապետականներն ու նախագահ Թրամփը ուժեղացրեցին քննադատությունը Բայդենի հասցեին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ միայն ուշադրությամբ հետևում էր դեմոկրատների սուպերերեքշաբթիի նախնական ընտրություններին, այլ նաև՝ զուգահեռաբար թվիթերյան գրառումներ կատարում այս առիթով: Ըստ նրա, նախնական ընտրություններում փոխնախագահ Ջո Բայդենի արձանագրած հաջողության հիմքում է ընկած Փիթ Բութիջիջի և Էմի Քլոբուչարի պայքարից դուրս գալը: Նրա կարծիքով Էլիզաբեթ Ուորենի ուշացումով հեռացումը բացասաբար անդրադարձավ Բերնի Սանդերսի արդյունքների վրա:

Վերլուծաբանների կարծիքով, այս մեկնաբանությունների հիմքում է ընկած նախագահ Թրամփի ու նրա թիմի հստակ ռազմավարությունը, որը թիրախավորել է Բերնի Սանդերսի կողմնակիցներին՝ նրանց փորձելով համոզել, որ իրենց թեկնածուն տուժել է անարդար պայքարի արդյունքում: Այս ռազմավարության հիմնական նպատակն է ստիպել Սանդերսի կողմնակիցներին չմասնակցել ընտրություններին:

Սակայն եթե նախնական ընտրություններում հաղթանակ տանի Բերնի Սանդերսը, ապա Թրամփի թիմը կորդեգրի մեկ այլ ռազմավարություն՝ հիմնվելով սոցիալիզմի դեմ պայքարի ու դրա սպառնալիքների վրա: Ըստ վերլուծաբանների, ամեն դեպքում անկախ դեմոկրատների ընտրությունից, Թրամփի թիմը կշարունակի «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը՝ Դեմոկրատական կուսակցության ճամբարում պառակտում հրահրելու համար:

Ըստ որոշ կարծիքների, նախագահ Թրամփը կգերադասի նոյեմբերին պայքարել սոցիալիստ սենատոր Բերնի Սանդերսի դեմ: Չափավոր թեկնածու Ջո Բայդենն ավելի վտանգավոր մրցակից է գործող նախագահի համար: Բացի այդ, օրերս իր թեկնածությունը պայքարից դուրս բերած գործարար Մայքլ Բլումբերգը իր աջակցությունն է հայտնել Բայդենին՝ խոստանալով ֆինանսական օժանդակություն ցուցաբերել նախկին փոխնախագահի քարոզարշավին:

Facebook Forum

XS
SM
MD
LG