Մատչելի հղումներ

Հայաստանցի լրագրողը մրցանակ ստացավ ԱՄՆ պետքարտուղարից եւ առաջին տիկնոջից


Melania Trump and Mike Popmeo with Armenian journalist Lucy Kocharyan - 2020 Women of Courage winner

Հայաստանցի լրագրող Լյուսի Քոչարյանը այն եզակիների թվում էր, ով ստացել է 2020 թվականի «Արի կանանց» մրցանակը ԱՄՆ-ի Պետքարտուղարության կողմից: Մրցանակը հանձնում էին անձամբ պետքարտուղար Մայք Փոմփեոն ու Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը՝ քայլ, որն ընդգծում է մրցանակի կարեւորությունը:

Պետքարտուղար Փոմփեոն իր ելույթում ընդգծեց՝ մրցանակ ստացած բոլոր կանայք արիության դեմքն են խորհրդանշում՝ ոգեշնչելով մյուսներին.

«Դուք կատարում եք աշխատանք, որը կարեւորագույն նշանակություն ունի մեր ընտանիքների, մեր երկրների եւ մեր ամբողջ աշխարհի համար»:

Ես հպարտ եմ կանգնելու այս կանանց կողքին, իր բացման խոսքը սկսելով ընդգծեց ԱՄՆ-ի առաջին տիկինը.

«Այստեղ հավաքված կանայք ներկայացնում են կանանց ոգու հզորությունը: Նրանցից յուրաքանչյուրն արիության ու առաջնորդության բացառիկ հատկանիշներ է ցուցաբերել՝ հաճախ սեփական կյանքը վտանգի տակ դնելու գնով»:

Լյուսի Քոչարյանը հենց այն լրագրողն է, ով իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր բռնության ենթարկված հայ կանանց պատմությունները: Հայ հասարակության արձականքը, Լյուսիի խոսքով, հիմնականում բացասական էր.

«Մարդիկ չեն ուզում առերեսվել իրականության հետ, չեն ուզում լսել այսպիսի դաժան պատմություններ երեխաների, աղջիկ երեխաների, դեռահասների, կանանց նկատմամբ, իրենց սեփական ընտանիքի անդամների կողմից, անծանոթ տղամարդկանց կողմից: Այս ամենը շատ ցավոտ է, որովհետեւ, եթե նրանք առերեսվեն, ստիպված են լինելու լուծումներ փնտրել, իսկ դա ավելի բարդ է»:

Հատկանշական է, որ Պետքարտուղարությունում անցած միջոցառմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով Վաշինգտոնում է մեկօրյա աշխատանքային այցով: Լյուսի Քոչարյանի խոսքով, Հայաստանի առաջին տիկնոջ ներկայությունն իր համար անակնկալ էր, հաճելի անակնկալ.

«Ես շատ ուրախ եմ եւ շատ զարմացած էի, անակնկալի եկա, երբ նա եկավ եւ մասնակցեց: Դրանով ես արձանագրում եմ այն փաստը, որ նրա համար կարեւոր է այս թեման»:

Լյուսի Քոչարյանն, ով Հայաստանը ներկայացնող առաջին կինն է, որն արժանացել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության այս բարձր պարգեւին, նշում է՝ խնդրի բարձրաձայնումը կարող է նույնքան կարեւոր դեր խաղալ դրա լուծման համար.

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում գոյություն ունեցող այս խնդիրները, որոնց վախենում է առերեսվել հասարակության մեծ մասը, բարձրաձայնվեց ավելի մեծ հարթակում: Հույս ունեմ դա իր լուծումները կտա»:

XS
SM
MD
LG