Մատչելի հղումներ

Սուպերերեքշաբթի. Բայդընը գրանցեց հաջողություն. Սանդերսը սպասում է Կալիֆորնիայի պատասխանին


Այնքան սպասված Սուպերերեքշաբթին տեղի ունեցավ, երբ ԱՄՆ-ի 14 նահանգներում միաժամանակ անցկացվեցին նախնական ընտրություններ, Դեմոկրատական կուսակցությունից ընտրելու համար այն հավակնորդին, ում կցանկանային նախագահական ընտրություններում տեսնել Դոնալդ Թրամփի հետ պայքարի մեջ։ Նախկին փոխնախագահ Ջո Բայդընը հաղթանակ գրանցեց նշված նահանգների մեծ մասում, ի զարմանս շատերի՝ նաեւ Թեքսասում։ Բայդընն այժմ ունի իր օգտին քվեարկելու համար 4Օ2 պատվիրակ, Սանդերսը՝ 314։ Ու եթե Կալիֆորնիայի վերջնական հաշարկները խոսեն Սանդերսի օգտին, վերջինս կարող է ստանալ եւս 415 պատվիրակի աջակցություն։

Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ, միլիարդատեր Մայքըլ Բլումբերգը, չնայած ընտրարշավի համար իր անձնական հաշիվներից կես միլիարդ դոլար ծախսելու փաստին, Սուպերերեքշաբթիի ժամանակ հաղթանակ չգրանցեց եւ ոչ մի նահանգում եւ հրապարակեց ընտրարշավից դուրս գալու մասին իր որոշումը։ Սենատոր Էլիզաբեթ Ուորենը, որը ժամանակին համարվում էր ամենահավանական թեկնածուների շարքում, չկարողացավ նույնիսկ ստանալ իր նահանգի՝ Մասաչուսեթսի աջակցությունը։ Հիշեցնենք, որ Սուպերերեքշաբթին ապահովում է այն 1991 պատվիրակներից 13ՕՕ-ի ձայնը, որոնք անհրաժեշտ են հուլիսին անցկացվելիք Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ այս կուսակցության թեկնածուին ընտրելու համար։

Անցյալ ամիս էր, որ Այովա նահանգում անցկացված ընտրություններում Բայդընը հայտնվեց չորրորդ, Նյու Հեմփշիրում՝ հինգերորդ տեղերում։ Եվ շատերի կարծիքով նա շուտով պիտի դուրս մնար ընտրապայքարից։ Եվ ահա Սուպերերեքշաբթին ՝՝սուպեր՛՛ ազդեցություն ունեցավ նրա համար, երբ հաղթեց Թեքսասում, Մասաչուսեթսում, Մինեսոթայում, Օքլահոմայում, Արքանզասում, Ալաբամայում, Թենըսիում, Հյուսիսասյին Քարոլինայում ու Վիրջինիայում։

Հարցումները ցույց են տալիս, որ Բարաք Օբամայի նախագահության օրոք երկրի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Բայդընը Սուպերերեքշաբթի օրը մեծապես օգտվել է սեւամորթ ամերիկացիների ձայներից։ Նրա օգտին են քվեարկել նաեւ ագրարային հատվածներում բնակվող ամերիկացիները, որոնցից շատերը հիասթափված են ներկա նախագահի քաղաքականությունից։

Սակայն շատ մեծ են Սուպերերեքշաբթի օրվա հաղթանակը Սանդերսի կողմից նշելու հնարավորությունները։ Չէ որ իր հայրենի Վերմոնթ, ինչպես նաեւ Քոլորադո եւ Յութահ նահանգներում հաղթանակ արձանագրելուց բացի, իրեն սոցիալիստ համարող Սանդերսը դեռեւս սպասում է Կալիֆորնիայի պատասխանին։

Այդ պատասխանը ստացվելուց հետո հաջորդ նախնական ընտրություններն անցկացվելու են Միչիգանում, Վաշինգտոն նահանգում, Այդահոյում, Միսիսսիպիում, ու Հյուիսիսային Դաքոտայում, որոնք միասին ապահովում են պատվիրակներից 352-ին։

Դա տեղի կունենա մարտի 1Օ-ին։

XS
SM
MD
LG