Մատչելի հղումներ

Ամերիկայում սկսվեց Սուպերերեքշաբթին


Հարավային Քարոլինայում իր հաղթանակից հետո ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդընը մեծ հույսեր է փայփայում, որ նույն հաջողությունը կգրանցի Սուպերերեքշաբթիի օրը, երբ միանգամից քվեարկում է 14 նահանգ։

Նա հայտարարում է, որ Դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածու ընտրվելու դեպքում, իրենց կհաջողվի հաղթել Դոնալդ Թրամփին ու կկարողանան հետ վերցնել Սենատը հանրապետականներից։
Բայդընի համար այս պահին ՝՝ամենավտանգավոր՛՛ մրցակիցն իրեն ՝՝ինքնատիպ սոցիալիստ՛՛ անվանող սենատոր Բերնի Սանդերսն է, որը մեծ հույսեր ունի, որ մարտի 3-ին կուսակցական ընտրություններում կհաղթի Կալիֆորնիայում եւ Թեքսասում։

Սուպերերեքշաբթին մեծ փորձություն պիտի լինի նաեւ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքըլ Բլումբերգի համար, քանի որ այս ընտրապայքարի ընթացքում սա նրա մասնակցությամբ առաջին ընտրությունն է։
Իսկ մինչեւ Սուպերերեքշաբթին դեմոկրատ հավակնորդների թիվը նկատելիորեն կրճատվել է։ Հարավային Քարոլինայի ընտրություններից հետո ընտրապայքարին հրաժեշտ տվեցին Փիթ Բութեջիչը եւ սենատոր Էմի Քլոբուչարը։
Ինչպես Բութեջիչն ասաց, ինքն ամեն ինչ կանի, որպեսզի հունվար ամսին Ամերիկան ունենա դեմոկրատ նախագահ։

Ավելի վաղ ընտրապայքարին հաջողություն էր մաղթել հավակնորդներից մեծահարուստ գործարար Թոմ Ստեյերը։
Իսկ չնայած նախորդ նախնական ընտրությունների արդյունքում ցածր ցուցանիշ ստանալու փաստին, սենատոր Էլիզաբեթ Ուորենը շարունակում է պայքարը։

՝՝Եթե ուզում ենք ունենալ կառավարություն, որն աշխատում է ոչ միայն հարուստների, այլ նաեւ բոլորիս համար, հարկավոր է այդ կառավարությունում իրականացնել կառուցվածքային փոփոխություն՛՛, հայտարարում է նա՝ նկատի ունենալով, որ այդ փոփոխությունն իրականացնողը կարող է լինել ինքը։


Սուպերերեքշաբթին, որը սկսվել է մարտի 3-ի առավոտյան, ընտրելու է 13ՕՕ պատվիրակների։ Իսկ դա հուլիսին անցկացվելիք Դեմոկրատական կուսակցության համագումարում ներկա գտնվող պատվիրակների մեկ երրորդն է։ Դա է պատճառը, որ մարտի 3-ին այստեղ տալիս են այսքան մեծ կարեւորություն։

XS
SM
MD
LG