ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից նախագահական ընտրություններում թեկնածու գրանցվելու հերթական հավակնորդը դուրս մնաց պայքարից: Սաութ Բրենդ քաղաքի նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջիչը հայտարարեց, թե ‘’խաղից դուրս գալու’’ այս որոշումը կայացրել է մեծ դժվարությամբ: Իսկ դա տեղի ունեցավ Հարավային Քարոլինայի նախնական ընտրությունների արդյունքում իր համար հիասթափեցնող չորրորդ տեղը զբաղեցնելուց հետո: Այստեղ նա չէր ստացել որեւէ պատվիրակ:
Սակայն պայքարից դուրս գալով` Բութեջիչը հանդես չեկավ հավակնորդներից որեւէ մեկին պաշտպանելու հայտարարությամբ: Սակայն խոստացավ, որ իր կողմից ամեն ինչ կանի, որպեսզի դեմոկրատները վերցնեն Սպիտակ տունը:
Հարավային Քարոլինայում նրա պարտությունը տեղի ունեցավ նախկին փոխնախագահ Ջո Բայդընի հաղթանակի պատճառով, որը առավել աջակցություն է վայելում սեւամորթ ամերիկացիների շրջանում:
Հավակնորդներն այժմ մեծ քննության են սպասում երեքշաբթի օրը, երբ միանգամից 14 նահանգներում կանցկացվեն նախնական ընտրություններ: Այդ նահանգների թվում են պատվիրակաների առավել մեծ թիվ ունեցող Կալիֆորնիան ու Թեքսասը:
Ըստ հարցումների, Բայդընն այսօր առջեւում է այդ նահանգներից յոթում: Սենատոր Էմի Քլոբուչարին հավանություն է տալիս միայն նրա նահանգը` Մինեսոթան: Սենատոր Բերնի Սանդերսն առջեւում է վեց նահանգներում :Վերջինս խոստանում է, որ նախագահ ընտրվելու դեպքում ինքն աշխատանք կտանի Կոնգրեսի հետ’ ընդունելու համար ներգաղթի հարցերով համապարփակ մի օրենք, որն այստեղ առանց օրինական փաստաթղթերի բնակվող անձանց կտա հետագայում քաղաքացիության հասնելու հնարավորություն եւ անհապաղ օրինական կարգավիճակ կտա բոլոր նրանց, ովքեր առանց փաստաթղթերի այստեղ են բերվել անչափահաս տարիքում եւ աշխատել ու սովորել են այստեղ: