ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածության համար պայքարող հավակնորդները երեքշաբթի օրը երեկոյան հերթական բանավեճն են անցկացնելու Հարավային Քարոլինա նահանգում:
Վերմոնթը ներկայացնող սենատոր Բերնի Սանդերսն այստեղ է գալիս շաբաթ օրը Նեւադաում անցկացված ընտրական հավաքներում հաղթանակ տոնելուց հետո: Սակայն Հարավային Քարոլինայում համակրանքն, ըստ նախնական հարցումների, նախկին փոխնախագահ Ջո Բայդընի կողմն է, որը Նեւադայում հավաքած պատվիրակների թվով երկրորդն էր, եւ ընդհանուր հաշվով` այս պահին երրորդը:
Հարցումները ցույց են տալիս, որ Հարավային Քարոլինայում լավ հնարավորություններ ունի նաեւ միլիարդատեր Թոմ Ստեյերը: Ըստ հարցումների, նա կարող է երրորդ տեղը զբաղեցնել այս նահանգում ու առաջ անցնել նախկին քաղաքգլուխ Փիթ Բութիջիչից, սենատորներ Էլիզաբեթ Ուորենից ու Էմի Քլոբուչարից:
Երեքշաբթի օրվա բանավեճը ոչ միայն կարող է կարեւոր տպավորություն գործել Հարավային Քարոլինայում, այլ նաեւ նրանց վրա, ովքեր մարտի 3-ին 14 նահանգներում պատրաստվում են քվեարկել նախնական ընտրություններում:
Հարավային Քարոլինայում անցկացվելիք բանավեճին որոշել է չմասնակցել Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ, միլիարդատեր Մայքըլ Բլումբերգը, եւ նախընտրում է մինչեւ մարտի 3-ը կենտրոնանալ զանգվածային լրատվամիջոցներով անցկացվող իր քարոզարշավի վրա:
Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցությունը նախագահական ընտրությունների համար իր թեկնածուին է հաստատելու հուլիսին անցկացվելիք համագումարի ժամանակ: Օգոստոս ամսին հանրապետականներն իրենց համագումարում որոշել են հաստատել Թրամփի թեկնածությունը: