Մատչելի հղումներ

Թրամփը մտադիր է փոխել ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատարին


Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ հայտարարեց Գերմանիայում դեսպան Ռիչարդ Գրենելին ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում նշանակելու մտադրության մասին: Թրամփը նախկին պաշտոնակատար Ջոզեֆ Մագուիրից հիասթափվեց այն բանից հետո, երբ վերջինիս օգնականներից մեկը Ներկայացուցիչների պալատում, պատախանելով 2020 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտությանը վերաբերող հարցերին, ասաց, թե Ռուսաստանը պաշտպանում է Թրամփին:

Իսկ ահա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայընն ասում է, թե ինքը չի տեսել հետախուզության որեւէ տվյալ այն մասին, որ Ռուսաստանն ինչ որ բան է ձեռնարկում Թրամփի վերընտրվելու ուղղությամբ: ‘’Կարծում եմ, սա նույն հին պատմության շարունակությունն է: Իսկ մենք մեր կողմից Ռուսաստանին կոչ ենք անում հեռու մնալ ԱՄՆ-ի ընտրություններից’’, ասել է նա:


Կապիտոլիումում երկրի ընտրությունների հարցով անվտանգությունը շարունակում է մնալ չափազանց կարեւոր խնդիր: Սենատի հանրապետականներն այս ամիս երեք անգամ արգելափակեցին ընտրությունների անվտանգության հետ կապված դեմոկրատների կողմից ներկայացված երեք օրինագիծ: ‘’Ինչու՞ պիտի ռուսներն ուզենային, որ Թրամփը վերընտրվեր, երբ Թրամփը վերակառուցեց ԱՄՆ-ի զինված ուժերը, երբ նա մահաբեր զենքեր տրամադրեց Ուկրաինային, երբ նա Ռուսաստանի դեմ սահմանեց այնպիտի պատժամիջոցներ, ինչպիսիք ուժի մեջ չէր մտցրել նախկինում ԱՄՆ-ի որեւէ նախագահ’’, հարց է տալիս Օբրայընն ու շարունակում, ասելով, թե պարզապես խելամիտ չէ կարծել, որ ռուսները կողմ են Թրամփի վերընտրությանը:

Նախագահն իր հերթին մատնանշում է այն հաղորդագրությունները, որոնց համաձայն ռուսները ջանքեր են կիրառում օգնելու իր մրցակից, Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի հավակնորդ սենատոր Բերնի Սանդերսին:

Ի պատասխան հրապարակված հաղորդագրություններին, Սանդերսը ‘’Վաշինգտոն փոսթ’’-ին ասել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ում է Պուտինն ուզում հաղթի 2020-ի ընտրություններում: Նա ասել է նաեւ, թե ինքը մեկ ուղերձ ունի ուղղված Պուտինին, որ նա հեռու մնա ամերիկյան ընտրություններից: ‘’Նախագահ ընտրվելու դեպքում ես կապահովեմ պայմաններ, որ դու այդպես էլ վարվես’’, ասել է Սանդերսը:


XS
SM
MD
LG