Մատչելի հղումներ

Կորոնավիրուս. 79 հազար մարդ` վարակակիր, 2625-ը` մահացած


Վենետիկում անցկացվող ամենամյա դիմակահանդեսն այս անգամ ավարտվեց ծրագրվածից երկու օր վաղ: Պատճառը կորոնավիրուսն է, որը մուտք է գործել նաեւ Իտալիա:


50 հազար մարդկանց արգելել են այցելել կամ հեռանալ Վենետո եւ Լոմբարդի վարչական շրջանների մի քանի քաղաքներից: Այստեղ այդ նպատակի համար տեղակայվել են ոստիկանական հատուկ ուժեր: Այս շրջաններից դուրս գտնվող որոշ քաղաքներում փակվել են դպրոցները: Մարզական հանդիպումները դադարեցվել են մինչեւ մարտ ամիսը: Ջորջիո Արմանիի նոր հավաքածուի ցուցադրումն էլ անցել է փակ դռների հետեւում:

Ժամանակից շուտ է նախատեսվում ավարտել նաեւ Իվրեայի ամենամյա Նարինջների ճակատամարտ անվանումը կրող դիմակահանդեսը: Ինչպես քաղաքագլուխն է ասում, զվարճանքից առավել կարեւորն առողջությունն է ու կյանքը, երկիր, որտեղ արդեն գրանցվել է հիվանդության 152 դեպք, որոնցից երեքը մահացել են:

Մասնագետներն առայժմ չեն կարողանում պարզել Իտալիայում կորոնավիրուսի տարածման աղբյուրը: Չինաստանից այստեղ վերադարձած անձանց մոտ այս վարակը չի հայտնաբերվել:
Իրադրությունը շատ ավելի ծանր է Հարավային Կորեայում, որտեղ հիվանդությունը տարածվում է մեծ արագությամբ: Մի քանի օրերի ընթացքում այս վարակը կրող անձանց թիվը հասել է 833-ի, որոնցից մահացել են յոթը:

Չինաստանի Ուհան քաղաքից սկսված նոր կորոնավիրուսն այս երկրում վարակել է մոտ 77 հազար մարդկանց: Այստեղ գրանցվել է 2600 մահ:
Չինաստանից դուրս, այլ երկրներում կորոնավիրուս է կրում ավելի քան 2000 մարդ: Այստեղ մահացածների թիվը մոտենում է երեսունին:

XS
SM
MD
LG