Մատչելի հղումներ

Կովիդ 19 հիվանդությամբ տառապող 75 756 մարդ


Ժնեւում անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնատար անձինք հայտնեցին, որ Չինաստանում կորոնավիրուս կրող անձանց թիվը հասել է 74 հազար 710-ի: Մահացությունները կազմում են 2125: Սակայն ուրախալին այն է, ասում են կազմակերպության ներկայացուցիչները, որ հիվանդության նոր դեպքերի թիվը կրճատվում է:

Սակայն հիվանդության դեպքեր են գրանցվել մի քանի այլ երկրներում, որտեղ մինչ այժմ չկար այս հիվանդությամբ տառապող որւեւէ մարդ: Ինչպես կազմակերպության ղեկավար Թեդրոս Ղեբրեյեսուսն է ասում, 26 տարբեր երկրներում կա 1076 հիվանդ, որտեղ մինչ այժմ մահացել է յոթ մարդ:

Չինաստանից դուրս գրանցված հիվանդների կեսը կազմում են Diamond Princess զբոսանավի ուղեւորների ու անձնակազմի անդամների շրջանում գրանցվածները: Նավից այժմ աստիճանաբար դուրս են թողնում կարանտինի տակ պահված անձանց: Ճապոնիան հորդորում է, որ նրանք եւս մի քանի օր մնան կարանտինային պայմաններում իրենց հայրենիքում:
Անցած մեկ օրվա ընթացքում վիրուսի 5 դեպք է արձանագրվել Իրանում: Նրանցից երկուսը մահացել են: Հարավային Կորեայում գրանցվել է վիուսակիր ավելի քան 100 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մասնագիտացված իր խմբերն է ուղարկել Չինաստան: Փորձագետներն այստեղ պիտի փորձեն պարզել մի շարք հարցերի պատասխանները, ինչպես նաեւ հասկանալ վարակի տարածման հետ կապված խնդիրները: Իսկ կազմակերպության հետազոտող մասնագետներն այս պահին զբաղված են դեղամիջոց հայտնաբերելու աշխատանքներով:

Ինչպես պատասխանատուներից Ջանեթ Դիազն է ասում, կովիդ 19 հիվանդության դեմ դեռեւս չկա արդյունավետ բուժման միջոց: Եվ գլխավոր տնօրենը շեշտում է, որ չի կարելի մխիթարվել հիվանդության տարածման արագության նվազման ներկա փաստով, քանի որ ասում է նա, տարածման արագությունը կարող է նորից աճել: Դրա առաջն առնելու համար հարկավոր է, որ բոլոր երկրները համագործակցեն իրենց փորձով ու գիտելիքներով:



XS
SM
MD
LG