Մատչելի հղումներ

Նեւադայի բանավեճն՝ ընդդեմ Բլումբերգի


Նեւադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում անցկացված Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածության համար պայքարող հավակնորդների հանդիպումը չորեքշաբթի օրն աչքի ընկավ միլիարդատեր Մայքըլ Բլումբերգի ներկայությամբ, քանի որ սա նրա առաջին բանավեճն էր ընտրարշավին միանալուց ի վեր։ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխն արդեն մոտ 4ՕՕ միլիոն դոլար է օգտագործել իր ընտրարշավի համար։ Սակայն ինչպես Միչիգանի համալսարանի բանավեճերի ծրագրի ղեկավար Աարոն Քալն է ասում, Բլումբերգը բանավեճի առաջին հատվածում, հայտնվելով մյուս հավակնորդների հարձակումների ներքո, կաշկանդվեց ու ՝՝պարտվեց՛՛։

Վերլուծաբանաի խոսքերով, Բլումբերգին հաջողվեց մի քիչ վերականգնել իր դիրքերը երկրորդ հատվածում։ ՝՝Սակայն ընտրողներն, իրենց որոշումը կայացնելիս, կհենվեն երկրորդ, թե՞ առաջին մասի վրա՛՛։ Այս հարցի պատասխանը վերլուծաբանը դժվարանում է կռահել։

Բլումբերգը շեշտում էր հաջողակ բիզնեսմեն լինելու հանգամանքը, որն իր միլիարդներն աշխատել է առանց ժառանգություն ստանալու ու որ մեծ բարերար է։ ՝՝Եվ ես այդ փողն եմ օգտագործում Դոնալդ Թրամփից ազատվելու համար՛՛, հայտարարում էր նա։

Հավակնորդները, այդ թվում նախկին փոխնախագահ Ջո Բայդընը Բլումբերգին դատապարտում էին Նյու Յորքում ընդունած այն որոշման համար, որը ոստիկաններին տալիս էր փոքր կասկածի դեպքում անգամ մարդկանց խուզարկելու իրավունք։

Սենատոր Բերնի Սանդերսին բանավեճի ժամանակ չափից շատ ձախակողմյան անվանեց նախկին քաղաքագլուխ Փիթ Բութիջեչը։

Իսկ Բերնի Սանդերսը հայտարարում էր, թե ինքը պայքարում է այն մարդկանց համար, ովքեր անցած 45 տարիների ընթացքում չեն ունեցել, իր խոսքերով ասած, եկամտի 5 ցենտի ավելացում։ Ի դեպ, Միչիգանի համալսարանի դասախոս Աարոն Քալը կարծում է, որ
այս բանավեճում հաղթող կարելի է համարել Սանդերսին, որն անցած բանավեճերում չէր փայլում։

Հավակնորդներից Էմի Քլոբուչարը պնդում էր, որ Թրամփին հաղթելու համար կա մի շատ լավ ձեւ։ ՝՝Այդ ձեւը Թրամփի դեմ կին թեկնածու ընտրելն է՛՛, ասում էր նա։
Սենատոր Էլիզաբեթ Ուորենի մասին գովեստով է խոսում վերլուծաբանը, քանի որ ՝՝սենատորն իր խոսքը չկենտրոնացրեց օրինակ Սանդերսին հարձակումների ենթարկելու համար։ Նախորդ երկու բանավեճերին Ուորենն իրեն լավ չէր դրսեւորել, եւ այս բանավեճը նրա համար կարելի է համարել հաջողված, ասում է Քալը։

Հավակնորդներն այս օրերին հեռու չեն գնա, քանի որ ընտրական հավաքներ են անցկացվելու հենց այս նահանգում շաբաթ օրը։ Հաջորդ երեքշաբթի հաջորդ բանավեճն է Հարավային Քարոլինայում։

XS
SM
MD
LG