Մատչելի հղումներ

Կովիդ 19 հիվանդությունը վերացնելու լավագույն միջոցը դրա տարածումը կանխելն է


Չինաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվն անցել է 72 հազարը։ 18ՕՕ մարդ արդեն մահացել է կովիդ 19 անվանումը կրող այս հիվանդությունից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսի խոսքերով, կարեւոր է, որ այս հիվանդության դեպքեր հայտնաբերած երկրները ցուցաբերեն թափանցիկություն եւ իրենց մոտ եղած բոլոր տեղեկությունները հայտնեն միջազգային կազմակերպությանը։

Սակայն ինչպես Բժշկական համալսարաններից մեկի դասախոս Այլին Մարթին է ասում, որոշ երկրներ ավելի գաղտնապահ են, մյուսները՝ կիրառում են առեւտրային արգելքներ, որոշ երկրներ էլ ուժի մեջ են դնում ճամփորդելու դժվարություններ։
Խոսելով Ճապոնիայի ափերին խարիսխ նետած Diamond Princess զբոսանավի մասին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների հարցերով պատասխանատու Մայքըլ Ռայընն ասում է, թե նավում գտնվող անձանց, առանց նավից դուրս գալու, կարանտինի տակ պահելու արդյունքում հիվանդությունն ավելի մեծաթիվ մարդկանց է փոխանցվել։ Նա կոչ է անում նավում իրենց քաղաքացիներն ունեցող երկրների կառավարություններին ուշադրությամբ զննել նրանց ու որոշ ժամանակ պահել հսկողության տակ։

Ինչ վերաբերում է պատվաստումներին, ինչպես փորձագետներն են ասում, որքան էլ կարեւոր է այս հիվանդության դեմ պատվաստանյութ գտնելը, այն այսօր չի համարվում գլխավոր հարցը։ Կարեւորը, ասում է Մայքըլ Ռայընը, տարբեր երկրների առողջապահական ծառայություններն այնպես կազմակերպելն է, որ կանխվի հիվանդության տարածումը։
Իսկ մինչեւ պատվաստանյութը կիրառության մեջ դնելը, պետք է լինել վստահ, որ այն չի վնասում մարդուն, պետք է գտնել կամավորներ, որոնք կհամաձայնեն ենթարկվել փորձերին եւ որ ամենակարեւորն է՝ պետք է գտնել այդ պատվաստանյութը։ Իսկ այս ամենի համար կպահանջվեն ամիսներ։

XS
SM
MD
LG