Մատչելի հղումներ

Մայքըլ Բլումբերգն ամրապնդում է իր դիրքերը դեմոկրատ հավակնորդների շարքում


Նախագահական առաջին երկու նախնական ընտրությունները բաց թողնելուց հետո, միլիարդատեր, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքըլ Բլումբերգը, առաջին անգամը լինելով, չորեքշաբթի օրը երեկոյան Լաս Վեգասում կմասնակցի նախընտրական բանավեճին։

Դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածու ընտրվելու նպատակով Բլումբերգն արդեն մոտ 4ՕՕ միլիոն դոլար է ծախսել՝ ամերիկյան լրատվամիջոցներն իր գովազդներով լցնելու համար։ Եվ մինչեւ մարտի 1-ի Սուպեր երեքշաբթին, երբ քվեարկություն կանցկացվի միանգամից 14 նահանգներում, Բլումբերգը պատրաստվում է ծախսել եւս 3ՕՕ միլիոն։ Իսկ այս ամբողջ ներդրումը կազմում է նրա 6Օ միլիարդ դոլարի հասնող ունեցվածքի մեկ տոկոսը։

Վերլուծաբան Դարել Ուեսթի խոսքերով, նման գումարի ուժն անտեսելը սխալ կլիներ։

Բլումբերգի համար մինչ այժմ նկարահանվել է սկսած զենքի վաճառքից մինչեւ պիցաների մասին 185 գովազդ, նույնիսկ պիցան ուտելու մասին ազդակներ։

Ինչպես վերլուծաբաններից Ջիմ Քեսլերն է ասում, ի տարբերություն մյուս հավակնորդների, որոնք նույնպես փոքր գումարներ չեն ծախսել իրենց քարոզարշավի համար ու ծախսել են հիմնականում ոչ գրագետ ձեւով , Բլումբերգի գովազդները շատ ավելի գրագետ են ու խելացիորեն կազմված։ Դա է գլխավոր պատճառներից մեկը, որ վերջին հարցումներից մեկի համաձայն, Բլումբերգն արդեն երրորդ տեղում է։ Ի տարբերություն մյուս հավակնորդների, նա մինչ այժմ հարձակումներ չի գործել դեմոկրատ իր մրցակիցների դեմ՝ կենտրոնանալով Թրամփին թիրախի տակ առնելու խնդրի վրա։

Եվ նա խոստանում է շարունակել Թրամփի դեմ արշավը, եթե նույնիսկ Դեմոկրատական կուսակցության կողմից որպես Թրամփի դեմ հանդես գալու թեկնածու չընտրվի։

XS
SM
MD
LG