Diamond Princess նավի վրա այս պահին գտնվում է 46 ԱՄՆ քաղաքացի, որոնց մոտ հաստատվել է կրոնավիրուս հիվանդությունը: Նավն այժմ կայանած է ճապոնական Յոկոհամա նավահանգստում: Ամերիկացիներից բացի այստեղ կան այլ երկրների հարյուրավոր հիվանդ քաղաքացիներ:
Չինաստանի պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ 9500 մարդ ապաքինվել է կորոնավիրուսից և դուրս գրվել հիվանսդանոցից: Բացի այդ, փետրվար ամսին պակասել է ծայրահեղ վիճակում գտնվողների թիվը:
Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումների շարքում է մսի շուկաների նկատմամբ ավելի խիստ վերահսկողությունը, որով հնարավոր է կանխել մսի անօրինական վաճառքը: Հյուբեյ նահանգի Ուհան քաղաքը, որտեղից սկիզբ է առել կորոնավիրուսը, ամբողջովին մեկուսացված է:
Սակայն չնայած կանխարգելիչ միջոցառումներին՝ վիրուսը շարունակում է տարածվել: Եգիպտոսում օրերս առողջապահության նախարարությունը հաստատեց հիվանդության առաջին դեպքը:
Կորոնավիրուսի տարածման գլոբալ սպառնալիքի խնդիրը քննարկվեց նաև Մյունխենի անվտանգության համաժողովում:
«Միջազգային հանրությունը միլիարդավոր դոլարներ է ծախսում ահաբեկչության դեմ պայքարի համար, սակայն համեմատաբար ավելի փոքր միջոցներ են տրամադրվում վիրուսի սպառնալիքի դեմ, որը կարող է ավելի շատ մարդկային զոհերի պատճառ դառնալ և ավելի ծանր տնտեսական, քաղաքական և սոցիալական հետևանքների հանգեցնել»,- հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Թեդրոս Ադհանոմ Ղեբրեեսուսը:
Այսօր կորոնավիրուսի դեմ պայքարին միացել են նաև աշխարհի կրոնական առաջնորդները, ներառյալ Ռուսաստանում և Իսրայելում: Հիվանդության տարածումը շարունակում է մնալ համաշխարհային գլոբալ մարտահրավեր:
Facebook Forum