Մատչելի հղումներ

Արեւմուտքը ծաղկու՞մ է, թե՞ անկում ապրում. Մյունխենի համաժողովից


Արեւմուտքը ծաղկու՞մ է, թե՞ անկում ապրում։ Մյունխենում քաղաքական ու ռազմական հարյուրավոր ղեկավարների միջեւ անցկացված Անվտանգության համաժողովին մասնակցած ԱՄՆ-ի պատվիրակությունը հայտարարեց, թե դրա պատասխանը հստակ է։ ՝՝Արեւմուտքը հաղթում է։ Մենք հաղթում ենք միասնական ջանքերով՛՛, հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն։ Դրա ապացույց է բերում նա Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի սահմանն ամերիկյան ուժերի կողմից պաշտպանվելու հանգամանքը։ Նա նշում է Իսլամական ծայրահեղական կազմակերպությանը՝ Դաեշին պարտության մատնելու գործում իր երկրի առաջնային դերը։

Փոմփեոն այստեղ նաեւ խոստացավ, որ ԱՄՆ-ը արեւելաեւրոպական երկրներին 1 միլիարդ դոլար կհատկացնի օգնելու համար, որ նրանք ազատվեն ռուսական գազի նկատմամբ կախվածությունից, ինչպես նաեւ խոսեց ամերիկյան հեղուկացված գազի արտահանումների ծավալները մեծացնելու նպատակի մասին։

Սակայն օվկիանոսի հակառակ կողմում բնութագիրն այլ կերպ է ներկայացվում։ Օրինակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասում է, թե Միացյալ Նահանգներն անցնում է Եվրոպայի հետ իր հարաբերությունների շուրջ լուրջ մտորումների ժամանակաշրջան, որի պատճառով այս մայրցամաքը, ըստ նրա, պետք է ինքնուրույն կերպով տեր կանգնի ինքն իր ճակատագրին։
Նրա խոսքերով, ժամանակն է, որ Արեւմուտքը ռազմավարական երկխոսություն սկսի Ռուսաստանի հետ։ Վերջինիս արտգործնախարարի խոսքերով էլ, ժամանակն է հրաժարվելու համար ՝՝ռուսական սպառնալիք՛՛-ի ուրվականից։
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ սոցիալական լրատվամիջոցները գործում են ի շահ այնպիսի պետությունների, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը, ՝՝Ֆեյսբուք՛՛-ի գործադիր տնօրեն Մարք Զուքերբերգն ասում է, թե այո, եղել են թերացումներ, սակայն հիմա ամեն օր համացանցից հանվում են կեղծ՝ ֆեյք միլիոնավոր կայքեր։

Համաժողովի կազմակերպիչները գովեստով խոսեցին հակամարտության մեջ գտնվող երկրների միջեւ դիվանագիտական առաջընթացի մասին, առանձնապես նշելով Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջեւ հանդիպումը։ Բարձր մակարդակի հանդիպումներ եղան նաեւ Լիբիայի ու Սիրիայի միջեւ։

Որպես եզրահանգում կարելի է ասել, որ համաժողովի նպատակն էր ընդգծել Վաշինգտոնի հետ Եվրոպայի լարված հարաբերությունների պատճառով արեւմտյան ժողովրդավարության նկատելի անկումը։ Սակայն ԱՄՆ-ի պատվիրակության նպատակն էր, նախ՝, չեզոքացնել այդ մտահոգությունները՝ պնդելով, թե Արեւմուտքը երբեք չի եղել այնպիսի առողջ վիճակում, ինչպես այսօր է, եւ երկրորդ՝ Չինաստանը թիվ մեկ հակառակորդն է, որից եկող սպառնալիքի դեմ պիտի միասնաբար կանգնեն եվրոպական դաշնակիցները։

XS
SM
MD
LG