Մատչելի հղումներ

Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցը հիշեցին ԱՄՆ-ի Կոնգրեսում


30 տարի առաջ մի փոքր հայ աղջնակ սարսափած թաքնվում էր իր տատիկի բնակարանում, երբ Բաքվի փողոցներով շրջում էին հրոսակախմբերը: Այդ աղջնակի հայրը, դանակը ձեռքին, կանգնել էր դռան առջեւ՝ պատրաստվելով պաշտպանել իր ընտանիքը: Այսօր Աննան այլեւս սարսափած չէ, նա չի թաքնվում այլ՝ բարձրաձայնում է հայերի հետ տեղի ունեցածի մասին: Այսպես կոնգրեսական Ռաջա Քրիշնամուրթին ներկայացրեց Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած, Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի հիշատակի երեկոյի խոսնակ, քաղաքական եւ հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան Թրքոթին:

ԱՄՆ որպես փախստական տասնամյակներ առաջ ժամանած Աննան իր զեկույցում անդրադարձավ Բաքվում հայերի ջարդերին սեփական փորձի եւ պատմական իրադարձությունների համատեքստում: Նրա խոսքով, չնայած որ այն օրերից երեք տասնամյակ է անցել, այդ իրադարձությունները մղձավանջի տեսքով դեռ շարունակում են իրեն հետապնդել.

«1990-ի հունվարին իմ մանկությունը կանգ առավ: Ես այն ժամանակ ընդամենը 11 տարեկան էի»:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցող ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ ընդգծեցին՝ 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունն էլ ավելի սարսափելի է, մինչ պատասխանատվության չեն ենթարկվել այն սանձարձակած անձինք:

«Մենք բոլորս գիտենք, որ Բաքվի հայերը սպանվել, խոշտանգումների եւ թալանի են ենթարկվել, տասնյակ հազարավոր հայեր ստիպված լքել են իրենց տները, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը մինչ օրս պատասխանատվության չի հրավիրվել», - իր ելույթում նշել է կոնգրեսական Թի Ջեյ Քոքսը:

Այսօրվա Ադրբեջանը 30 տարի առաջ տեղի ունեցածի համար մեղադրում է Խորհրդային Միության ղեկավարությանը: Բաքվում հիշեցնում են, որ Խորհրդային Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիները նույնպես ստիպված էին լքել իրենց տները:

Անկախ ամեն ինչից, սակայն, պատմության դատն ամեն ինչ բացահայտելու է, նշում է կոնգրեսական Գուս Բիլիրակիսը, ով Ադամ Շիֆի հետ միասին Ներկայացուցիչների պալատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի համահեղինակն էր.

«Ոչ մի մարդ չպետք է ենթարկվի նման բռնությունների, ինչպիսին արժանացան հայերն այն ժամանակ»:

Անդրադառնալով Բաքվի հայերի ջարդերին, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն առաջարկեց դրանք դիտարկել ավելի լայն համատեքստում, որպես Ադրբեջանի պատասխանը Լեռնային Ղարաբաղում հայերի խաղաղ բողոքների: Հենց այն Ղարաբաղում, որն ի դեմս Ստալինի Խորհրդային իշխանությունը նվիրել էր Ադրբեջանին:

Այսօր Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է վերահաստատել իր նվիրվածությունը խաղաղության եւ ժողովրդավարության արժեքներին, իսկ այս պարագայում դա նշանակում է կանգնել Հայաստանի կողքին, համոզված է կոնգրեսական Ջուդի Չուն: Իսկ հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրն ավելացնում է՝ պայքարը երբեք չի դադարելու.

«Մեր գործն արդար է, իսկ արդարությունն ի վերջո կհաղթի»:

Facebook Forum

XS
SM
MD
LG