Մատչելի հղումներ

Իրանի դեմ գործողություններ սկսելու Թրամփի լիազորությունները կրճատելու փորձ՝ Սենատում


Իմփիչմենթի հարցով դատավարությունը կասեցրեց Իրանի գեներալներից Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ կապված խնդիրը, եւ ընդհանրապես՝ Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները ճշտելու Սենատում սկսված գործընթացը։ Այժմ դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնն ասում է, թե կան բավարար թվով ձայներ, ինչը թույլ կտա ընդունել Իրանի հետ հակամարտությունը շարունակելու Թրամփի կարողությունները սահմանափակելող օրինագիծ։ Դեմոկրատները նախազգուշացնում են, որ Իրանի դեմ պատերազմ սկսելով, Ամերիկան թույլ կտա այն նույն սխալը, որը ժամանակին թույլ տվեց Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելով։

Պատերազմ սկսելու որեւէ որոշում պիտի կայացվի Կոնգրեսում, հայտարարում է սենատոր Դիք Դուրբինը։ Նա հիշեցնում է, որ 18 տարի առաջ Իրաքի դեմ պատերազմ սկսվեց՝ կեղծ փաստարկների վրա հիմնվելով։

Օրենքի նախագիծը ներկայացնելու հարցում սենատոր Քեյնը ստացել է նաեւ հանրապետական երկու կոնգրեսականների՝ Մայք Լիի եւ Ռենդ Փոլի աջակցությունը, որոնք ասում են, թե Սոլեյմանիի դեմ հարձակում իրականավելուց առաջ հետախուզությունը հունվարի 8-ին չէր ներկայացրել գործողությունն արդարացնող բավարար փաստարկներ։

Սակայն Սենատում հանրապետականների մեծամասնությունը քննադատում է Քեյնի բանաձեւը։ Նրանց խոսքերով, նման օրենքը կսահմանափակեր զինված ուժերի գլխավոր հրամանատարի սահմանադրական լիազորությունները։ Նրանք ասում են նաեւ, որ այդ օրենքը թույլ չի տա արագ սկսել պատերազմ, եթե նույնիսկ լինի դրա անհետաձգելի անհրաժեշտությունը։

ԱՄՆ-ի սենատորներին մտահոգում է այն հանգամանքը նաեւ, որ իրենց այս տարաձայնությունները կարող են սխալ մեկնաբանության արժանանալ Իրանում, Չինաստանում եւ Ռուսաստանում։ Ինչպես սենատոր Սյուզան Քոլինսն է ասում, Իրանի իշխանությունները պետք է հասկանան, որ այս քննարկումներն ԱՄՆ-ի հաստատակամության պակաս չեն նշանակում։

Եվ այսպես, Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունները սահմանափակելու մասին բանաձեւի շուրջ քվեարկությունն ընթացքի մեջ է։

XS
SM
MD
LG