Միայն չորեքշաբթի օրը, Չինաստանի միայն Հուբեյի շրջանում կորոնավիրուսից մահացել է 242 մարդ, ինչն այս հիվանդությունից մեկ օրվա ընթացքում մահացությունների ամենաբարձր ցուցանիշն է։ Քովիդ 19 անվանումը ստացած այս հիվանդությամբ վարակվածների թիվն էլ մեկ օրում ավելացել է 14 հազար 84Օ-ով։
Սինգապուրում, որտեղ հայտնաբերվել է այս վարակը կրող 5Օ հիվանդ, մեծաթիվ ընկերություններ իրենց աշխատակիցներին հորդորում են աշխատանքն իրականացնել տներից։
Հիվանդության արագ տարածման մասին խոսելով՝ ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչության նախկին տնօրեն Սկոթ Գոթլիբն ասում է, որ եթե նման դեպքերում աշխատանքներն արտակարգ կերպով կազմակերպելու համբավ ձեռք բերած Սինգապուրում է 5Օ հիվանդներից 8-ը տեղափոխվում վերակենդանացման բաժին, պատկերացնել կարելի է, թե որքան դժվարհաղթահարելի հիվանդություն է սա։
Վերջին տվյալների համաձայն Գերմանիայում հայտնաբերվել է քովիդ 19-ով վարակված 16 մարդ։ Ինչպես այդ երկրի առողջապահության նախարար Յենս Շպահն է ասում, իրադրությունը մինչեւ լավանալը, դեռեւս շարունակելու է վատթարանալ։ ՝՝Հիվանդության գագաթնակետին դեռ չենք հասել՛՛, ասել է նախարարը։
Ճապոնիայում զբոսանավերից մեկում հիվանդության արագ տարածումն ապացուցում է, թե որքան վտանգավոր է այն, երբ մարդիկ միասին փակված են լինում մի տեղանքում։ Այդ պատճառով էին Ճապոնիայում, Թայվանում, Գուամում, Ֆիլիպիններում ու Թաիլանդում արգելել MS Westerdam զբոսանավին խարիսխ նետել իրենց նավահանգիստներում։ Նավը, որն իր տախտակամածին ուներ 2ՕՕՕ մարդ, ի վերջո ստացավ Կամբոջայում իր ուղեւորներին ափ հանելու թույլտվություն, երկիր, որտեղ արդեն իսկ գրանցվել է հիվանդության մեկ դեպք։
Ճապոնիայի ափերի մոտ կարանտինի տակ պահվող Diamond Princess զբոսանավում գտնվող 3 7ՕՕ մարդկանց շրջանում օրեցօր ավելանում է հիվանդների թիվը, որն այսօր հասել է 218-ի։
Ավստրալիան մեկ շաբաթով երկարաձգում է Չինաստանից մարդկանց այստեղ ժամանելու արգելքը։ Հոնկոնգում հետաձգվում են մարզական գլխավոր մրցաշարերը։ Չինաստանում մինչեւ փետրվարի վերջը փակ են լինելու դպրոցները։ Չինաստանի հետ Վիետնամի սահմանային մի քանի գյուղերում հայտարարվել է կարանտին։ Այստեղ հայտնաբերվել է հիվանդության 16 դեպք։
Ճապոնիայում գրանցվել է հիվանդությունից մահացության առաջին դեպքը։ Ի դեպ Ճապոնիայում այսօր քովիդ 19-վ տառապում է 2Օ3 մարդ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Չինաստանից հետո։