Մատչելի հղումներ

Բերնի Սանդերսն առաջինն է Նյու Հեմփշիրի ընտրությունների արդյունքում


ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգում երեքշաբթի օրն անցկացված Դեմոկրատական կուսակցության ընտրություններում առավել թվով ձայներ վաստակեց սենատոր Բերնի Սանդերսը։ Նրան այստեղ աջակցում են առաջադեմ դեմոկրատները եւ քվեարկելու իրավունք ունեցող ավելի երիտասարդ ամերիկացիները։

՝՝Մեր ընտրարշավը միայն Դոնալդ Թրամփի դեմ չէ, որ ուղղված է։ Մեր ընտրարշավի նպատակն այս երկիրը բարեփոխելն է, ֆինանսական շուկան, ապահովագրական, դեղագործական ու վառելանյութ արդյունահանող ընկերությունները, ռազմական արդյունաբերական համակարգը վերցնելու խիզախությունն ունենալն է՛՛, ասել է Սանդերսը։

Սանդերսին Նյու Հեմփշիրի ընտրությունների արդյունքում հետեւում է նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջեջը, որը նախորդ՝ Այովայի ընտրություններում առաջ էր Սանդերսից։ Նա խոստանում է համախմբել դեմոկրատներին՝ հայտարարելով, որ նման պառակտման արդյունքում անհնար կլինի Թրամփին հաղթելը։

Նյու Հեմփշիրի ընտրություններում ամենամեծ անակնկալը սենատոր Էմի Քլոբուչարի կողմից երրորդ տեղը վերցնելու հանգամանքն էր, իր հետեւում թողնելով մրցակիցներ Էլիզաբեթ Ուորենին ու նախկին փոխնախագահ Ջո Բայդընին։ Վերջինիս համար հինգերորդ տեղը նշանակում է ապտակ իր ընտրարշավին, չնայած այն հանգամանքին, որ նա երդվում է շարունակել համառ պայքարը։ Նույն խոստումն է տալիս Ուորենը։

Չնայած նրան, որ այս նահանգի ընտրողներն ասում են, թե իրենց առաջին նպատակը հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ նախագահական ընտրություններում դեմոկրատ ուժեղ թեկնածու ունենալն է, նրանցից շատերն անչափ շատ են կարեւորում առողջապահական համակարգն ավելի հասանելի դարձնելու գաղափարը։ ՝՝Մենք միակ զարգացած երկիրն ենք, որը չունի բժշկական նման համակարգ՛՛, ասում են Սանդերսի օգտին քվեարկած անձինք։

Նյու Հեմփշիրից հետո ընտրարշավն անցնում է դեպի Նեւադա, ապա՝ Հարավային Քարոլինա, որտեղ նախնական ընտրություններ կանցկացվեն այս ամսվա վերջին։

XS
SM
MD
LG