Մատչելի հղումներ

Մեկ միլիմետրից տասնյակ հազարավոր անգամ փոքր կորոնավիրուսի հսկայական վնասներն ու վտանգը


Մեկ միլիմետրից տասնյակ հազարավոր անգամ փոքր ծավալ ունեցող մեկ վիրուսը, տարածվելով, մեկ ամսում խլեց մարդկային հազարից ավելի կյանք, առաջ բերեց տնտեսական աղետ՝ Չինաստանի նման հզոր երկրին հարուցելով միլիարդավոր դոլարների վնաս։ Միլիմետրից մի քանի տասնյակ հազար անգամ փոքր կորոնավիրուսը փակեց տասնյակ քաղաքներ ու օդանավակայաններ, տասնյակ միլիոնավոր մարդկանց առավ կարանտինի տակ։ Այժմ արդեն քովիդ 19 անվանումը ստացած այս հիվանդության դեմ պայքարն ունի միջազգային նշանակություն։ Եվ ահա Առողջապահության միջազգային կազմակերպությունն աշխարհի տարբեր երկրներից 4ՕՕ գիտնականների է հրավիրել Ժնեւում այս շաբաթ մասնակցելու հիվանդության առաջն առնելու ուղիների մասին վեհաժողովին։ Քովիդ 19 հիվանդությամբ ներկայումս վարակված է ավելի քան 43 հազար մարդ՝ հիմնականում Չինաստանում։ Այս հիվանդությամբ վարակված 4ՕՕ հիվանդներ կան Չինաստանից բացի 2Օ այլ երկրներում։

Մեծաթիվ մասնագետներ են հիշեցնում, որ պարզ գրիպին զոհ է գնում հիվանդների մոտ մեկ տոկոսը, ինչը հարյուր հազարավոր մարդկանց կյանք է նշանակում ամբողջ աշխարհում։
Քովիդ 19-ի տարբերությունը տարածման աննախադեպ մեծ արագությունն է, որը Չինաստանի իշխանություններին ստիպեց Վուհանի գավառում 1Օ օրվա ընթացքում կառուցել 1ՕՕՕ տեղանոց հիվանդանոց միայն այս հիվանդների համար։ Հիվանդության տարածման արագությունն է, որը ստիպում է այս երկրին մի քանի օրերի ընթացքում այստեղ կառուցել եւս 2 6ՕՕ հիվանդների համար նախատեսված երկու հիվանդանոց։

Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վեհաժողովին մասնակցելու հրավիրված գիտնականներից որեւէ մեկը չգիտի այս հիվանդությունը վերացնելու ճանապարհը։ Նրանցից որեւէ մեկը ոչինչ չգիտի նաեւ այդ ճանապարհը գտնելու համար անհրաժեշտ ժամանակի մասին։

XS
SM
MD
LG