Մատչելի հղումներ

Իրանի նախագահի խոսքերով, ԱՄՆ-ը չի կարողանում ճնշել իր երկիրը


Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, թե անցած երկու տարիներին Միացյալ Նահանգներին չի հաջողվել ՝՝խիստ պատժամիջոցներով՛՛ պարտության մատնել իրանցիներին։ ՝՝Ամերիկան ուզում է թուլացնել իրանցիներին։ Նրանք ուզում են, որ մեր պետությունը հանձնվի՛՛, ասել է Ռուհանին Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձը նշող արարողության ժամանակ։

Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները դեմ է իրանցիների հավատքի ընտրությանը։ Սակայն, ասել է նա, ՝՝Իրանի ժողովուրդը, կառավարությունը եւ զինված ուժերը ընդդիմանալու են ԱՄՆ-ի ճնշումներին՛՛։

Տոնակատարության մի քանի հարյուր հազար մասնակիցների առջեւ ելույթ ունենալով՝ նախագահ Ռուհանին հայտարարել է նաեւ, թե Իրանի կառավարությանն անցած ամիսների ընթացքում հաջողվել է հաղթահարել ԱՄՆ-ի պատժամիջոցների արդյունքում առաջ եկած խնդիրները։

Արարողության ժամանակ ներկաներից շատերը կրում էին Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնիի, նրան հաջորդած հոգեւոր ներկա առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի ու ԱՄՆ-ի կողմից վերջերս սպանված բանակային հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի նկարները։

Խամենեին ու նախագահ Ռուհանին էին վերջերս կոչով դիմել ժողովրդին՝ հորդորելով մեծ բազմություն ապահովել հեղափոխության տարեդարձի արարողության ժամանակ՝ դատապարտելու համար Հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի ՝՝թշնամական՛՛ քայլերը։

Երկրի տարբեր քաղաքներում երեքշաբթի օրը բազմաթիվ մարդիկ էին անկացնում հակաամերիկյան ու հակաիսրայելյան կոչերով ցույցեր։ Մայրաքաղաքում ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի ու Իսրայելի դրոշներ։

1979 թվականի հեղափոխությունն էր, որը տապալեց ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող Մոհամեդ Ռեզա Փահլավի արքայի վարչակարգն ու իշխանության բերեց Խոմեյնիին։ Արդեն 41 տարի է, որ չեն բարելավվում ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ հարաբերությունները։

XS
SM
MD
LG