Մատչելի հղումներ

Սպիտակ տունը կրճատում է արտաքին օգնությունը, ավելացնում փոխգործակցությունը


Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է 2021 թվականի բյուջեի նախագծում արտաքին օգնության կրճատման մասին: Մասնավորապես, եթե ընթացիկ տարում Պետքարտուղարության եւ արտաքին օգնության ընդհանուր հատկացումները կազմել են 55.7 միլիարդ դոլար, ապա 2021-ին այդ թիվը նախատեսվում է իջեցնել մինչեւ 44.1 միլիարդի:

Փոխարենը Սպիտակ տունն ավելացնելու է Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Կորպորացիայի ֆինանսավորումը, որի նպատակն է դաշնակից պետություններին օգնություն հատկացնելու փոխարեն փոխշահավետ տնտեսական համագործակցություն նախաձեռնել:

Սպիտակ տան ներկայացուցիչների խոսքով, ամերիկյան արտաքին օգնությունը հաճախ աննպատակահարմար վատնվում է եւ չի ծառայում ոչ՛ Միացյալ Նահանգների, ոչ էլ այն ստացող երկրի շահերին.

«Ամերիկյան դերասանների մասնակցությունը Ֆինլանդիայում պոեզիայի փառատոնին, Նոր Զելանդիայում տիկնիկային ներկայացումներ, Մոզամբիկում Բոբ Դիլանի արձանի կառուցում, Աֆղանստանում քրիքեթի առաջնություն՝ նման ծրագրերը մեր կարծիքով պարզապես միջոցների վատնում են», - մեջբերում է Սպիտակ տան ներկայացուցչին New York Post օրաթերթը: Մինչդեռ զարգացող երկրների հետ տնտեսական համագործակցության ծրագրերի նախաձեռնումը թույլ կտա ԱՄՆ-ին ոչ թե այդ երկրներին պարզապես օգնություն տրամադրել այլ օժանդակել ֆինանսատնտեսական աճին:

Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Կորպորացիան համեմատաբար նոր հաստատություն է, որի նպատակն է օգնել ամերիկյան կապիտալին ներդրումներ կատարել զարգացող երկրներում՝ կիսելով նրանց հետ ֆինանսական պատասխանատվությունը: Հայաստանը նման պետության լավագույն օրինակն է, 2019-ին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում պատմում էր կորպորացիայի նախկին ղեկավար Դեյվիդ Բոհիգյանը: Նրա խոսքով, կորպորացիայի նպատակն է, համագործակցելով Հայաստանի կառավարության հետ, «աջակցել Հայաստանի քաղաքացիներին ժողովրդավարության եւ իրական շուկայական հարաբերությունների զարգացման հարցում, օգնելով ամերիկյան ներդրողներին Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարել»:

Արտաքին օգնության կրճատման մասին Սպիտակ տան որոշումը քննադատության է ենթարկել Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող մեծամասնությունը, ինչպես նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի փոխնախագահ Բոբ Մենենդեզը, ում կարծիքով արտաքին օգնության կրճատումը սխալ որոշում է:

Մեկնաբանելով հատկացումները, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգնն ընդգծել է, 2021-ին «Միացյալ Նահանգները մնալու է աշխարհում մարդասիրական օգնության եւ գլոբալ առողջության ամենախոշոր նվիրատուն»:

Մասնավորապես, ԱՄՆ-ի Միաջազգային Զարգացման Գործակալության միջոցով 2021-ին նախատեսում է արտերկրյա օգնության համար հատկացնել 19.6 միլիարդ դոլար: Գործակալության ղեկավար Մարկ Գրինի խոսքով, միջոցներն ուղղված են լինելու ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ քաղհասարակության ամրապնդմանն, ինչպես նաեւ հակամարտությունների եւ ապակայունության նվազեցմանը.

«Այդ միջոցները թույլ կտան մեր գործընկեր երկրներին ամրապնդել սեփական անկախությունը, քանի որ մեր աշխատանքների հիմքում ընկած է յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության ամրապնդման գաղափարը, որպեսզի յուրաքանչյուր երկրի քաղաքացիները կարողանան ինքնուրույն ընտրել սեփական ապագան»:

Սպիտակ տան բյուջեի նախագիծը դեռեւս քննարկվելու եւ, ամենայն հավանականությամբ, փոփոխությունների է ենթարկվելու ԱՄՆ-ի Կոնգրեսում: Հատկապես զգալի փոփոխություններ են կատարվելու նախագծում, եթե այս տարվա նոյեմբերի ընտրությունների արդյունքում ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությանը հաջողվի պահպանել կամ ամրապնդել մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում:

Facebook Forum

XS
SM
MD
LG