Մատչելի հղումներ

Նյու Հեմփշիրի ընտրությունները` որպես ցատկահարթակ դեպի Սպիտակ տուն


Նյու Հեմփշիր նահանգում նախնական ընտրությունները մեծ նշանակություն կունենան որոշելու համար, թե Դեմոկրատական կուսակցությունից որ հավակնորդն է նախագահական ընտրությունների ժամանակ դառնալու այս կուսակցության թեկնածուն Դոնալդ Թրամփի դեմ պայքարում:

Այս նահանգի օրենքների համաձայն, այստեղ նախնական ընտրություններ են անցկացվում մյուս նահանգներից առնվազն յոթ օր շուտ: Այդ պատճառով այս նահանգին փոխաբերական իմաստով երբեմն անվանում են ‘’թագավոր կարգող’’ կամ ‘’թագավոր գահընկեց անող’’ նահանգ:

Դրա վառ ապացույցներից էր 1952 թվականը, երբ դեմոկրատ սենատոր Էսթես Քեֆաուրեից պարտություն կրելուց հետո, նախագահ Հարրի Թրումանը որոշեց հրաժարվել վերընտրվելուց:

Նույն թվականին հանրապետականները պատերազմի հերոս, գեներալ Դուայթ Էյզենհաուրեին հրավիրեցին մասնակցելու Նյու Հեմփշիրի ընտրություններին: Նա կուսակցական ընտրություններում տարավ հաղթանակ ու երկու անգամ պաշտոնավարեց որպես երկրի նախագահ:

1968 թվականին Վիետնամի պատերազմի դեմ հանդես եկող թեկնածու սենատոր Յուջին ՄաքՔարթին Նյու Հեմփշիրում միայն ութ միավորով հետ մնաց նախագահ Լինդոն Ջոնսոնից, ինչը ստիպեց Ջոնսոնին դուրս գալ ընտրարշավից:

1976-ին ձայների չնչին տարբերությամբ հաղթանակ տանելով Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններում, Ջորջիա նահանգի կառավարիչ Ջիմի Քարթերը, որն ԱՄՆ-ի մասշտաբով չուներ մեծ ճանաչում, դարձավ երկրի նախագահ:

Ռոնալդ Ռեյգանն այստեղ ստացավ ձայների 50 տոկոսը, որը լիովին բավարար էր 1980 թվականին հանրապետական իր հինգ մյուս մրցակիցներին հաղթելու ու երկու անգամ պաշտոնավարելու համար:

Նյու Հեմփշիրն իր մեծությամբ 45-րդն է, բնակչության թվով` 41-րդը: Այն չի արտացոլում ԱՄՆ-ի բնակչության բազմազանությունը: Այստեղ բնակչության 93 տոկոսը սպիտակամորթ են: Սակայն զարմանալիորեն մեծապես է արտացոլում ընտրությունների ելքը:

Այո, Այովա նահանգն առաջինն էր, որն անցկացրեց քվեարկություն: Սակայն այն անցնում է հավաքների տեսքով, երբ քաղաքական կուսակցությունների անդամները մասնակցում են երեկոյան հանդիպումներին ու հրապարակային կերպով հայտարարում իրենց թեկնածուին:

Իսկ ահա նախնական ընտրություններն անցկացնում են գաղտնի քվեարկություն: Նյու Հեմփշիրում քվեարկելու իրավունքը չի սահմանափակված միայն կուսակցության անդամների համար: Երեքշաբթի օրն անցկացվելիք Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունների քվեարկությանը կարող են մասնակցել նաեւ անկուսակցականներն ու նույնիսկ` հանրապետականները:

XS
SM
MD
LG