Մատչելի հղումներ

Էրդողանը Սիրիայում կանգնած է դժվար երկընտրանքի առջև


Սիրիայի կառավարական ուժերը առաջ են շարժվում Իդլիբում, որը ընդդիմադիր զինյալների վերահսկողության ներքո վերջին անկլավն է: Այս զարգացումները մտահոգում են Անկարային

Օրերս Սիրիայի կառավարական ուժերը գրավեցին Իդլիբի շրջանի Սարաղեփ քաղաքը: Այստեղ ընթացել են կատաղի մարտեր: Անկարան նախազգուշացրել է Դամասկոսին ՝ կոչ անելով դադարեցնել ռազմական հարձակումը:

Սարաղեփի շրջակայքում թուրքական զորքերն ունեն 4 դիտարկման կետեր, որոնք հիմնվել են Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայնության արդյունքում: Թուրքիան խոստանում է պատժիչ գործողություններ, եթե թուրք զինվորականները ենթարկվեն հարձակման:

Անկարան բացառում է իր զորքերի դուրս բերումը այս հենակետերից: Ըստ վերլուծաբանների սակայն ռազմավարական առումով թուրքական զինուժը գտնվում է բավականին խոցելի դիրքերում:

Բացի այդ, Էրդողանը երկրի ներսում ենթարվում է ճնշման Սիրիայի հարցում իր դիրքորոշման փոփոխության համար: Ընդդիմությունը կոչ է անում նախագահին վերանայել սիրիական ռեժիմի փոփոխության քաղաքականությունը և դադարեցնել օժանդակությունը ընդդիմադիր զինյալներին՝ ապավինելով դիվանագիտությանը ճգնաժամի կարգավորման համար: Վերլուծաբանների կարծիքով, սակայն, Սիրիայի հակամարտության հարցում Էրդողանի ի սկզբանե որդեգրած քաղաքականությունը դժվարեցնում է դիրքրոշման որևէ փոփոխություն:

Մոսկվան իր հերթին ևս ջանքեր է գործադրում Անկարայի ու Դամասկոսի միջև հարաբերությունների նորմալացման ուղղությամբ՝ ձգտելով այսպիսով կայունացնել իրավիճակը Սիրիայում և ամրապնդել իր դաշնակից Ասադի դիրքերը:

ԱՄՆ իր հերթին աջակցում է Թուրքիային: Սիրիայի հարցում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ դեսպան Ջեյմս Ջեֆրին ընդգծում է, որ Վաշինգտոնն իր աջակցությունն է հայտնում Անկարայի ջանքերին Սիրիայում՝ ուղղված թուրքական հենակետերի ամրապնդմանը: Ըստ դեսպանի, ԱՄՆ ցանկանում է վստահ լինել, որ իր ՆԱՏՕ դաշնակից Թուրքիայի զինվորականների անվտանգությունն այնտեղ լիովին ապահովված է: Դրա հետ մեկտեղ սակայն, դեսպանը բացառել է ռազմական որևէ ներգրավվածություն Վաշինգտոնի կողմից:

Եթե Իդլիբում ռազմական գործողությունները շարունակվեն, Թուրքիան առերեսվում է երկընտրանքին՝ կամ գնալ ուղիղ ռազմական բախման Դամասկոսի հետ, կամ էլ վերանայել դիրքրոշումը և փորձել հաշտության հասնել Ասադի ռեժիմի հետ, որին մի քանի տարի է Անկարան ցանկանում էր հեռացնել իշխանությունից:

Facebook Forum

XS
SM
MD
LG