Մատչելի հղումներ

Իմփիչմենթի գործընթացը Թրամփի վարկանիշը 1Օ տոկոսով բարձրացրել է


Դոնալդ Թրամփը չի հեռացվի նախագահի պաշտոնից։ Ինչպես Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռեբերտսը հայտարարեց, ՝՝Դոնալդ Թրամփը մեղավոր չէ՛՛։

Ձայների 53-ը 47-ի հարաբերակցությամբ Թրամփն իմփիչմենթի չենթարկվեց։

Թրամփը պատմության մեջ երրորդ նախագահն էր ԱՄՆ-ում, որին Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների տունը ենթարկել էր իմփիչմենթի։ Սակայն վաղուց էր սպասելի, որ հանրապետական մեծամասնություն ունեցող վերին պալատը՝ Սենատը պաշտպանելու էր նրան, քանի որ անցած ամիսների ընթացքում հանրապետականները գրեթե միասնաբար կանգնել էին նրա կողքին։

Եթե դեմոկրատները շարունակ պնդում էին, որ նախագահը ոտնահարել է սահմանադրությունը եւ խոչընդոտել Կոնգրեսի աշխատանքները, հանրապետականները հայտարարում են, որ Թրամփը գործել է իր իրավունքների սահմաններում։ Նրանց խոսքերով, միայն չնչին սխալի համար նախագահին հեռացնելու հանգամանքը կարող է դառնալ նախադեպ ապագայում ամեն առիթով նախագահներին իմփիչմենթի աթոռին նստեցնելու համար։

Թրամփին պաշտոնից ազատելու հարցով անցկացված քվեարկության ժամանակ հանրապետականներից կողմ քվեարկեց միայն Միթ Ռոմնին, ում Թրամփը միշտ է համարել ՝՝ծպտյալ դեմոկրատ՛՛ ու անվանել ՝՝լիովին տապալված գործիչ՛՛։

Իսկ Ներկայացուցիչների պալատի իմփիչմենթի հարցով պատասխանատուներից Ջերրի Նադլերն ասել է, թե դեմոկրատները շարունակելու են Թրամփին համարել պատասխանատու թույլ տրված սխալների համար, ու պահանջելու են, որ Կոնգրեսում օրենսդիրների հարցերին պատասխանի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։

Ամբողջ ուշադրությունն այժմ այն հարցի վրա է լինելու, թե ինչպես են անցնելու ոչ միայն նոյեմբերյան նախագահական ընտրությունները, այլ մինչ այդ ընտրությունները՝ նախընտրական պայքարը, երբ Թրամփի վարկանիշը իմփիչմենթի տապալումից հետո բարձրացել է մոտ 1Օ տոկոսով՝ հասնելով 49-ի։

XS
SM
MD
LG