Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի ու Եվրոպական միության միջեւ դեռեւս կան շատ խնդիրներ


Իրենց միջեւ ապագա հարաբերությունների մասին դեռեւս բանակցություններ չեն սկսել Եվրոպական միությունն ու այս միությունից մի քանի օր առաջ դուրս եկած Մեծ Բրիտանիան: Սակայն մինչեւ բանակցությունները, նրանց միջեւ արդեն ծագում են հակասություններ:

Պարզկա օրերին Անգլիայի Դովերի ժայռերը երեւում են Ֆրանսիայի ափերից: Աշխարհագրությունը չի փոխվել, սակայն Բրեքզիթի պատճառով երկու երկրների միջեւ հեռավորությունը մեծացել է: Չէ որ Մեծ Բրիտանիան արդեն Եվրոպական միությունից դուրս է, ինչը գոնե առեւտրային հարցերում հեռացնում է կողմերին:

Ինչպես Բրեքզիթ կուսակցության առաջնորդ Նայջը Ֆարաջն է ասում, Մեծ Բրիտանիան պետք է ուրախ լինի, որ իրեն ազատել է Եվրոպական միության սահմանափակումներից: ‘’Մենք նորից կարող ենք մեր տեղը գտնել աշխարհում’’, ասում է նա:

Սակայն այդ տեղը գտնելն այնքան էլ դյուրին չէ: Երկիրն այժմ անցումային փուլում է եւ ունի տասնմեկ ամիս ժամանակ Եվրոպական միության հետ առեւտրային նոր պայմանագիր կնքելու համար:
Ինչպես ամերիկյան Հետազոտություն եւ զարգացում վերլուծական կենտրոնի փորձագետներից Չարլի Ռիիսն է ասում, անցած երեք ու կես տարիները, որոնց ընթացքում բանակցություններ էին գնում Բրեքզիթի համար, իրականում եղել են բանակցություններ դուրս գալու մասին: ‘’Դրանք չեն եղել Մեծ Բրիտանիայի ու Եվրոպական միության միջեւ նոր հարաբերությունների մասին բանակցություններ’’, ասում է նա: Նրա խոսքերով, գլխավորը սկսվում է հիմա:՞

Եվրոպան Մեծ Բրիտանիայից հավանաբար կպահանջի, որ մուտք ունենա դեպի այս երկրի ձկնորսության համար նախատեսված ջրեր եւ կպահանջի, որ Մեծ Բրիտանիան չվնասի Եվրամիության գործունեությունը, շրջակա միջավայրի պահպանության չափանիշները: Դրա փոխարեն միությունը Լոնդոնին կարող է տալ մուտք դեպի Եվրամիության շուկա:

Սակայն ինչպես Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիք Ռաաբն է ասել, իրենք չեն ուզում իրենց գործունեությունը համապատասխանեցնել միության չափանիշներին: ‘’Սակայն ցանկանում ենք համագործակցել եւ հույս ունենք, որ Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի հետ կստորագրի Կանադայի ազատ առեւտրի համաձայնագրի նման համաձայնագիր’’, ասել է նա:

Մեծ Բրիտանիայի կառավարության կարծր այս դիրքորոշումը աստիճանաբար լարում է իրադրությունը իր կազմի մեջ մտնող Շոտլանդիայում: Այն արդեն պահանջում է անկախության հանրաքվե, որպեսզի կարողանա վերադառնալ Եվրամիության կազմ:

Այնպես որ, Մեծ Բրիտանիայում Բրեքզիթի մասին կայացված որոշումն այնքան էլ հեշտ չի կարող այստեղ մարսվել: Այնպես որ, Դովերի ժայռերի ու Եվրոպական միության ափերի միջեւ դեռեւս կարող են սկսվել փոթորիկներ: Իսկ թե պարզկա օրերը երբ կգան, դեռեւս պարզ չէ:

XS
SM
MD
LG