Մատչելի հղումներ

Այովա նահանգը սկսում է ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածուին ընտրելու գործընթացը


ԱՄՆ-ի դեմոկրատները հուսով են, որ երկրի նախագահական առաջին քվեարկության ժամանակ ընտրողները ցույց կտան մեծ ակտիվություն: Խոսքը Այովա նահանգում փետրվարի 3-ի նախնական ընտրությունների մասին է, երբ մարդիկ պիտի ընտրեն հավակնորդներից այն մեկին, ում Թրամփի դեմ պայքարում ցանկանում են տեսնել դեմոկրատ թեկնածուի դերում:

Ըստ հարցումների, առավել ձայներ ունեցող չորս հավակնորդների կազմում է Վերմոնթից ընտրված սենատոր Բերնի Սանդերսը: Այստեղ շատ են նրա պաստառները, մեծ է նրան աջակցողների թիվը: Սակայն պակասում է մի կարեւոր հանգամանք` ինքը` Սանդերսը: Նա եւ դեմոկրատ մյուս հավակնորդներից Էլիզաբեթ Ուորենը եւ Մայքըլ Բենեթը նույնպես սենատորներ են, որոնք Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցով անցկացվող լսումների պատճառով նկատելիորեն կրճատել են ընտրարշավի գործունեությունը:

Այովայի համալսարանի քաղաքական գիտությունների դասախոս Թիմոթի Հեյգելի խոսքերով, Այովայում մարդիկ ուզում են հանդիպել հավակնորդներին: ‘’Եվ մինչեւ նրանց հետ զրուցելը, մարդիկ այստեղ չեն կայացնում իրենց որոշումը’’, ասում է նա:

Դրեյքի համալսարանի քաղաքական գիտությունների դասախոս Դեյվիդ Սկիդմորը նույնպես այդ կարծիքին է, որն ասում է, թե մինչեւ օրս էլ այստեղ մարդկանց մի զգալի մասը դեռեւս չի կողմնորոշվել, թե ում կուզենար տեսնել Թրամփի դեմ դեմոկրատ թեկնածուի դերում:
Հիշեցնենք, որ ամենամեծ թվով աջակիցներ ունեն նաեւ նախկին փոխնախագահ Ջո Բայդընը ու Սաութ Բենդ քաղաքի նախկին քաղաքագլուխ Փիթ Բութիջիչը:
Ու քանի որ Այովայում են անկացվում առաջին հավաքները, որոնց արդյունքում ընտրում են պատվիրակներին, նահանգի բնակիչներն իրենց հպարտ են զգում: ‘’Չէ որ ամբողջ երկրի ուշադրությունը մեզ վրա է’’, ասում է բնակիչներից Օբրի Քրիսթենսենը:


‘’Մեր ձայնն այս օրերին շատ բարձր է հնչում: Ու բացի գյուղատնտեսկան նահանգ համարվելուց, այս ընտրությունների պատճառով մենք նաեւ ընտրական գործընթացում առաջամարտիկներ ենք համարվում’’, ասում է նահանգի քաղաքացիներից Թոմաս Ուոքերը:

Այովայում հաղթող հավակնորդի անունը հրապարակվելուց հետո պայքարը կանգ չի առնում: Հաջորդ կարեւոր հանգրվանը Նյու Հեմփշիր նահանգն է:



XS
SM
MD
LG