ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միչիգանում իր կողմնակիցների հանրահավաքի ընթացքում քննադատեց իմպիչմենտի գործընթացը՝ այն որակելով ամոթալի երկրի համար:
Իսկ Սենատում ավարտին հասավ հարցուպատասխանի փուլը: Հանրապետականները պնդում են՝ նախագահի գործողությունները բխում էին թե պետական և թե անձնական շահերից: Դեմոկրատներն այս մոտեցումը որակում են վտանգավոր:
Հարցուպատասխանի փուլում կրկին արդիական էր նոր վկաների ներգրավումը: Հանրապետականները գտնում են, որ նոր վկաների կարիք չկա, և դա ընդամենը կերկարացնի գործընթացը: Դեմոկրատները նման բացատրությունը ներկայացնում են որպես պատճառաբանում: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին շեշտում է՝ առանց վկաների այս գործընթացը կդիտարկվի որպես ոչ լեգիտիմ:
Օրերս հայտնի դարձավ, որ սենատոր Լամար Ալեքսանդրը, ով դիտարկում էր հօգուտ վկաների մասնակցության քվեարկելու հնարավորությունը, հայտարարեց, որ դեմ է քվեարկելու այս նախաձեռնությանը:
Այսպիսով դեմոկրատներն այս պահին չունեն անհնրաժեշտ հավելյալ չորս ձայներ ՝ գործընթացը այս ուղղությամբ զարգացնելու համար: Եթե ձայները վկաների հարցի շուրջ քվեարկության արդյունքում բաշխվեն հավասար 50 50-ի դեմ, ապա վճռորոշ ձայնի իրավունք է ստանում Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը:
Facebook Forum