Մատչելի հղումներ

Ինչ կլինի, երբ Հորդանան գետի հովիտն անցնի Իսրայելին


Մերձավոր Արեւելքի հարցով Դոնալդ Թրամփի ներկայացրած խաղաղության ծրագրի համաձայն, Հորդանանի հովիտը, որն անցնում է Հորդանան պետության եւ պաղեստինյան տարածք համարվող Արեւմտյան ափի միջով, պիտի բռնակցվի Իսրայելին: Ծրագրի այս կետով ոգեւորված են հրեա այն նորաբնակները, որոնց համար, միջազգային օրենքները խախտելով, այստեղ թաղամասեր է կառուցել Իսրայելը: Խոսքն 80 կիլոմետր հատվածի մասին է, որը, եթե ծրագիրն ուժի մեջ մտնի, կդառնա Իսրայելի մաս:

Այստեղից ոչ հեռու գտնվող Երիքով քաղաքում բնակվում է մոտ 25 հազար պաղեստինցի: Քաղաքը գտնվում է պաղեստինյան տարածքներում, եւ հիմա այստեղ կա մտավախություն, որ Հորդանանի դաշտվայրն Իսրայելին հանձնելով, այս քաղաքն այլեւս կապ չի ունենա Հորդանան գետի արեւմտյան ափի պաղեստինյան մյուս հատվածների հետ:

Ինչպես Երիքովի քաղաքագլուխ Սալիմ Ղրուֆն է ասում, պաղեստինցիներն ու արաբները կտրականապես մերժում են Թրամփի կազմած ու իր խոսքերով ասած ‘’Դարի գործարքը’’: ‘’Ըստ այդ ծրագրի, Իսրայելին տրվում են ավելի լայն տարածքներ, քան տրվել էին 1967-ին, ասում է նա":

Այստեղ, չնայած քաղաքական ներկա լարված իրավիճակին, համերաշխություն է տիրում իսրայելցի ու պաղեստինցի ազգաբնակչության միջեւ: Սակայն որեւէ մեկը չի կարող կռահել, թե ինչ կարող է լինել, երբ Իսրայելը բռնակցի Հորդանանի գետի հովիտը: Օրինակ պաղեստինյան իշխանության գյուղատնտեսության նախկին նախարարն այստեղ ունի 80 հազար արմավենի, ու հիմա նրա համար պարզ չէ, թե ինչ է լինելու իր ֆերմայի հետ, եթե այս տարածքն անցնի Իսրայելին:

Այստեղի պաղեստինցիներն ասում են, թե չի կարելի խաբվել ներկա խաղաղ մթնոլորտին: Իրական ու լուրջ խնդիրներ առաջ կգան, երբ իրենց արդեն արգելեն մտնել իրենց հողատարածքներն ու ֆերմաները: ‘’Այ այդ ժամանակ է, որ չի կարելի ասել, թե ինչ կլինի’’, ասում են նրանք:

Իսկ Հորդանանի հովտի հարցը ներկայացված այսպես կոչված խաղաղության ծրագրի, կամ Թրամփի խոսքերով, Դարի գործարքի կետերից միայն մեկն է:

XS
SM
MD
LG