Մատչելի հղումներ

Ամերիկացիներն իմփիչմենթի հարցով ուզում են լսել նոր վկայություններ


ԱՄՆ-ի նախագահի փաստաբանները Սենատում Թրամփին իմփիչմենթի հարցով անցկացվող դատավարության ժամանակ օգտագործեցին իրենց հատկացված ժամանակի ուղիղ կեսը՝ փորձելով վստահեցնել սենատորներին, որ Թրամփին պաշտոնից ազատելու դեմոկրատների ջանքերը վտանգավոր են։
Ինչպես նրանցից Փեթ Սիփոլոնին ասաց, ՝՝Կատարվում է հաջողություններ գրանցած նախագահին աշխատանքից ազատելու փորձ ընտրությունների նախօրեին՝ սահմանադրությունը ոտնահարելով։ Իսկ դա կարող է մեծապես թուլացնել երկիրը, եւ մշտապես թուլացնել երկրի ժողովրդավարական հաստատությունները՛՛։

Դատավարությունը դեռեւս հեռու է ավարտվելուց, երբ մեծանում է ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին վկայություններով հանդես գալու համար նրան Սենատ հրավիրելու պահանջը։

Ինչպես դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալն է ասում, ՝՝Ջոն Բոլթոնն Ուկրաինայի նախագահի հետ Թրամփի զրույցի ժամանակ եղել է ներկա ու փորձել կանգնեցնել այն։ Եվ պատկերացնել է հարկավոր, թե որքան կարեւոր է նրան լսելը՛՛։

Իսկ հանրապետականներից շատերը չեն վստահում Բոլթոնին ու նրան նկարագրում որպես աշխատանքից ազատված ու դրա արդյունքում զայրույթի գիրկն ընկած մարդ։ Սենատոր Ռանդ Փոլը հրապարակային հետեւյալ հարցն է ուղղում Բոլթոնին. ՝՝Դուք մեկ ամիս առաջ չէիք ցանկանում հանդես գալ վկայություններով, սակայն հիմա, երբ միլիոնավոր դոլարներ եք ակնկալում ձեր հեղինակած գրքից, ուզում եք ներկայացնել վկայություններ։ Ի՞նչն է փոխվել՛՛։

Հանրապետականների այն կոչին, որ նոր վկաներ հրավիրելու դեպքում, հարկավոր է նաեւ հրավիրել նախկին փոխնախագահ Ջո Բայդընի որդուն, դեմոկրատները պատասխանում են՝ ասելով, թե Բայդընները որեւէ առնչություն չունեն այս իմփիչմենթի հետ։

Ինչ վերաբերում է Ամերիկայի քաղաքացիների կարծիքին, պետք է ասել, որ ըստ վերջին հարցումների, նրանց մեծամասնությունը իմփիչմենթի այս գործընթացում ցանկանում է լսել նոր վկայություններ ու փաստարկներ։

XS
SM
MD
LG