ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնվել է ԱՄՆ-ում ընթացող իմպիչնենտի գործընթացի կենտրոնում: Նա դեմոկրատների ամենակարևոր վկաներից է: Օրերս տեղեկություն է տարածվել, որ իր ապագա գրքում Բոլթոնը կհաստատի նախագահ Թրամփի կողմից իշխանության չարաշահման մեղադրանքները: Վերջինս պնդում է, որ Թրամփը նրան անձամբ է ասել, որ Ուկրաինային ռազմական օգնությունը կապում է իր քաղաքական հակառակորդի դեմ հետաքննության հետ:
Նախագահ Թրամփի փաստաբանները սակայն անուղակիորեն են անդրադառնոմ Բոլթոնի հնչեցրած մեղադրանքներին՝ ընդգծելով, որ չեն պատրաստվում արձագանքել այն մտքերին, որոնք չունեն որևէ ապացույց: Նախագահ Թրամփը ևս հերքում է բոլոր մեղադրանքները:
Այս նոր հանգամանքները սակայն կարող են որոշակի ազդեցություն թողնել մի շարք հանրապետականների դիրքորոշման վրա: Սենատոր Միթ Ռոմնին ընդգծում է Ջոն Բոլթոնին լսելու կարևորությունը և չի բացառում, որ այլ հանրապետականներ ևս կցանկանան լսել նրա վկայությունը:
Այս պահին դեմոկրատներին անհրաժեշտ է չորս հանրապետական սենատորների ձայներ՝ լսումներին վկաների մասնակցությունը ապահովելու համար: Այս շաբաթվա վերջում նախատեսվող քվեարկության արդյուքնները կհստակեցնեն վկաների մասնակցության հարցը:
Լսումներին Բոլթոնի մասնակցության դեպքում վկայություններ կարող են տալ նաև այլ վկաներ: Հանրապետականները կփորձեն հասնել իրենց նախընտրած վկաների մասնակցությանը, որոնց թվում են նախկին փոխնախագահ Ջո Բայդենն ու նրա որդի Հանթերը:
Թրամփի փաստաբանական թիմն ընդգծում է՝ նախագահը գործել է օրենքի շրջանակներում: Օտար երկրի ղեկավարին կոռուպցիոն գործի ուսումնասիրության խնդրանքը ըստ նրանց չի կարող օրենքի խախտում համարվել:
Սենատում լսումների փուլի ավարտից հետո սենատորները կարող են հարցեր տալ երկու կողմերին: Հարցերը կտրամադրվեն միայն գրավոր, որոնք կհնչեցնի Գերագույն դատարանի նախագահը:
Facebook Forum