Մատչելի հղումներ

Ֆրանսիայում թոշակային համակարգի շուրջ բողոքի ակցիաները թուլանում են


Փարիզի ու Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքների փողոցներում դեռեւս շարունակվում են բողոքի ցույցերը: Երկրի կարծրդիրքային արհմիությունները երդվել են շարունակել ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի բավարարել թոշակային համակարգի մասին իրենց պահանջները:


Եվրոպայում թոշակային ամենաառատաձեռն համակարգում փոփոխություններ մտցնելու Ֆրանսիայի կառավարության մտադրությունն էր, որ փողոցներ դուրս բերեց մարդկանց ու երկրում սկսվեց այս երկրի պատմության մեջ տրանսպորտի ամենաերկարատեւ գործադուլը:
Ինչպես շատերն են ասում, իրենք մինչեւ հիմա կարող էին թոշակի անցնել 57 տարեկանում: Իսկ կառավարության նոր ծրագրով ստիպված են լինելու աշխատել եւս մի քանի տարի:

Եթե ավելի կարծրդիրքային արհմիությունները շարունակում են բողոքի ակցիաները, ապա ավելի չափավորականները սկսել են բանակցություններ կառավարության հետ:
Նախագահ Մակրոնի կառավարությունը ցանկանում է երկրում գործող թոշակային մի քանի ծրագրերը միավորել մեկ ընդհանուր ծրագրի մեջ ու այն հենել բալային համակարգի վրա: Ըստ կառավարության, այս նոր համակարգը կլինի ավելի արդարամիտ ու ավելի լավ կհոգա ծերերի կարիքները, երբ մարդկայնց կյանքի միջին տեւողությունը շարունակում է բարձրանալ:

Քննադատներն ասում են, թե կառավարությունն ուզում է գործել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Սակայն ասենք, որ գործադուլների ճնշման տակ այն համաձայնվեց իր առաջարկած թոշակային տարիքը 64-ից իջեցնել 62-ի:
Հիմա հասարակական հարցումները ցույց են տալիս, որ շարունակվող ցույցերի նկատմամբ անկում է ապրում ժողովրդի աջակցությունը:
Այդ պատճառով էլ, չնայած այն հանգամանքին, որ կարծրդիրքային արհմիությունները երդվում են շարունակել պայքարը մինչեւ կառավարությունը կհրաժարվի իր ծրագրից, շատ հավանական է, որ թոշակային համակարգի համաձայնեցված փաթեթը ընդունվի եկող մի քանի ամիսների ընթացքում:

XS
SM
MD
LG