Քորոնավիրուս անվանումը կրող հիվանդության վերջին տեսակը, որը սկիզբ առավ Չինաստանից, շարունակում է խլել մարդկային կյանքեր: Չինաստանից բացի հիվանդության դեպքեր են հայտնաբերվել Հարավային Կորեայում, Թայվանում, Ճապոնիայում, Սինգապուրում, Թաիլանդում ու Միացյալ Նահանգներում:
Չինաստանի 11 միլիոն ազգաբնակչություն ունեցող Վուհան քաղաքից է սկսվել հիվանդության այս տեսակը, որտեղ այսօր ոստիկանությունն ուժեր է տեղաբաշխել անվտանգության նկատառումներով: Այն թույլ չի տալիս Լուսնային նոր տարին նշելու համար այս քաղաքից Պեկին մեկնելու նպատակ ունեցող մարդկանց ելքը: Մայրաքաղաքում էլ իրականացվում են նախազգուշական միջոցառումներ:
Այն մտավախությամբ, որ սա կարող է դառնալ հաջորդ ու ավելի վտանգավոր համաճարակը, մարդիկ այստեղ կրում են բժշկական դիմակներ: Կարանտինի տակ են վերցվում բոլոր այն մարդիկ, ում մոտ նկատվում է ջերմության բարձրացում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ այն հանդիսանում է համաշխարհային առումով մեծ վտանգ: Կազմակերպությունը, սակայն, չի հայտարարել համաշխարհային առումով առողջապահական արտակարգ իրավիճակ: Նման իրավիճակ հայտարարվել էր Կոնգոյում էբոլա հիվանդության տարածման ժամանակ: Կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսի խոսքերով, սխալվելն անթույլատրելի է: ‘’Չի բացառվում, որ շուտով հայտարարվի արտակարգ իրավիճակ: Այս մասին մենք որոշում կկայացնենք տասն օր անց հրավիրված հանդիպման ժամանակ’’, ասել է նա:
Մասնագետներն ասում են, թե այս հիվանդությունը դեռեւս այնքան լուրջ չէ, որքան ծայրահեղ սուր շնչառական համախտանիշ անվանումը կրող հիվանդությունը, որի համաճարակը սկսվել էր 2003-ին եւ որը խլեց մոտ 800 մարդու կյանք:
Նրանցից Դերեք Գաթերերն ասում է, որ այս քորոնավիրուսը սկսվել է այն բանից հետո, երբ վայրի կենդանիների մսի անօրինական առեւտուր է իրականացվել Վուհանի ձկան շուկայում:
Փորձագետների խոսքերով, քորոնավիրուսը նախկինում մարդկանց էր անցնում երրորդ օջախի միջոցով: Այսինքն, այն նախ անցնում էր ինչ որ կենդանու, հետո վարակում մարդկանց: Ու երբ հիվանդությունը սկսի փոխանցվել մարդուց մարդ, այն ժամանակ կհայտարարվի, որ սկսվել է համաշխարհային համաճարակ: