Մատչելի հղումներ

Աուշվիցի ազատագրումից 75 տարի անց


Աշխարհի 5Օ երկրների առաջնորդներ են այցլելել Երուսաղեմ՝ մասնակցելու համար Հրեական ողջակիզման հարցերով համաժողովին։ Համաժողովը նվիրված է Աուշվիցի համակենտրոնացման ճամբարը Երկրորդ աշխարահամարտի վերջին Դաշնակից ուժերի կողմից ազատագրելու 75-ամյակին։ Ֆաշիստական Գերմանիայի օկուպացման մեջ գտնվող Լեհաստանի այս ճամբարում ավելի քան մեկ միլիոն մարդ է զոհվել։
Իսրայելի նախագահի հրավերով համաժողովին մասնակցելու նպատակով այստեղ այցելած ղեկավարների շարքում են ԱՄՆ-ի փոխնախագահը, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները, Մեծ Բրիտանիայի թագաժառանգ իշխանը։ Այստեղ է ժամանել նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Հինավուրց այս քաղաքը, որտեղ լարվածությունն արդեն տասնամյակներ շարունակ դարձել է սովորական երեւույթ, այս օրերին գտնվում է անվտանգության ուժերի կողմից աննախադեպ հսկողության ներքո։
Ընդունելով հյուրերին՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, թե Իսրայելը երբեք չի մոռանալու Հրեական ողջակիզման դասերը եւ առիթն օգտագործել՝ Իրանին դատապարտելու համար, որը նրա խոսքերով այսօր սպառնում է իր երկրի գոյությանը։
՝՝Մենք այսօր ունենք ինքներս մեզ պաշտպանելու կարողություն եւ այդ դասը մեզ տվել է նաեւ Աուշվիցը՛՛, ասել է Նեթանյահուն ու ավելացրել, որ Աուշվիցիցի հետո հրեաներն ՝՝այլեւս երբեք չեն լինելու անպաշտպան նրանց դեմ, ովքեր ցանկանում են ոչնչացնել իրենց՛՛։

Իսրայելում այսօր մտահոգված են Եվրոպայում ու ԱՄՆ-ում աճող հակահրեականության դրսեւորումներով։ Հակահրեական հենքով հանցագործությունների թիվը Ֆրանսիայում անցյալ տարի աճել է 74 տոկոսով։ Նման հանցագործությունների թիվն աճում է Միացյալ Նահանգներում։
Ինչպես Սիմոն Վիզենթալի կենտրոնի պատմաբան Է ֆրաիմ Զուրոֆն է ասում, հարկավոր է զարկ տակ Հրեական ողջակիզման մասին կրթությանը, ռասիզմի ու օտարմերժության դեմ քարոզարշավին։

Նշելով, որ պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովուրդների համար՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ մարդկային նման աղետների կրկնությունը թույլ չտալու համար հարկավոր է համատեղել ջանքերը։ Հայաստանի նախագահը նաեւ վեր է հանել Իսրայելի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ու շեշտել, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինեն այսօրվա քաղաքական շահերով։

՝՝Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք՝ անմեղ զոհերի հիշատակին՛՛, ասել է ՀՀ-ի նախագահ Արմեն Սարգսյանը։

XS
SM
MD
LG