Մատչելի հղումներ

Վենեսուելայի ընդդիմության ղեկավարը կարող է շուտով ձերբակալվել


Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիք Ռաաբը մեկ անգամ եւս կրկնել է, որ իր երկիրը Հուան Գուաիդոյին ճանաչում է որպես Վենեսուելայի անցումային նախագահ։ Նա նաեւ կոչ է արել անցկացնել ընտրություններ այդ երկրում։ Նրա խոսքերով, իրենք ուզում են, որ Վենեսուելայում հաստատվի խաղաղություն ու իրականացվի իշխանության փոխանցում՝ ժողովրդավարական եղանակով։

Գուաիդոն, երկրի ավտորիտար նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից իր դեմ ուժի մեջ մտցված չհեռանալու մասին արգելքն անտեսելով է մեկնել Շվեյցարիա՝ մասնակցելու համար Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Մինչ Դավոս մեկնելը, նա եղել է Կոլումբիայում ու հանդիպել այդ պահին այդտեղ գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքըլ Փոմփեոյին ու հայտարարել, որ իր այցի նպատակը ՝՝բռնակալության դեմ գործողություններում անհրաժեշտ միջոցներ ու աջակցություն գտնելն է՛՛։

Թրամփի վարչակազմն անցյալ տարի խիստ պատժամիջոցներ սկսեց ընդդեմ Վենեսուելայի նավթարդյունաբերության՝ ենթադրելով, որ դրա արդյյունքում այդ երկրի զինվորական հրամանատարները կլքեին Մադուրոյին ու նրա սոցիալիստական կառավարությունը։ Սակայն Մադուրոն մնաց իշխանության ղեկին, ում աջակցում են Ռուսաստանն ու Չինաստանը։

Հակաամերիկյան դիրքորոշումն ի ցույց դնելու նպատակով էլ Մադուրոյի արտգործնախարարը երեքշաբթի օրը հանդիպում ունեցավ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ։ Իսկ Փոմփեոն հայտարարեց, որ Վաշինգտոնը քննարկում է Մադուրոյի դեմ նոր պատժամիջոցներ սկսելու հարցը։
Մադուրոն, որն ակնարկել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու հարցում պատրաստակամություն, Փոմփեոյի խիստ խոսքերին ի պատասխան ասել է, թե նա խաբում է ինքն իրեն, որն ՝՝ապրում է հոգեբանական պատերազմի ոգով, ստերով ու կեղծիքներով՛՛։

՝՝Ամերիկայի խամաճիկ՛՛ է Մադուրոն անվանում Գուաիդոյին, որը Վենեսուելա վերադառնալու դեպքում կարող է ձերբակալվել՝ երկրից չհեռանալում մասին որոշումն անտեսելու մեղադրանքով։

XS
SM
MD
LG