Մատչելի հղումներ

Սենատում Թրամփի դեմ փաստարկները ներկայացնելու գործընթացը սկսվելու է չորեքշաբթի կեսօրին


ԱՄՆ-ի Սենատում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով դատավարությունը երեքշաբթի օրը մտավ լիակատար հունի մեջ, երբ դեմոկրատները պնդում են, որ հարկավոր է նախ լսել հավելյալ վկաներին, հանրապետականները՝ մերժում։ Դեմոկրատներն ասում են, որ պարզելու համար, թե իր անձնական նպատակներով արդյոք Թրամփն իշխանությունը չի չարաշահել, հարկավոր է լսել այլ վկայություններ եւս։

՝՝Մեր ժողովրդավարությունը կնեխի, եթե պարզվի, որ օտար քաղաքացիները կարող են միջամտել մեր ընտրություններին ու կարող են իրենք որոշել ընտրությունների ելքը։ Մեր ժողովուրդը կսկսի կորցնել հավատն արդար ընտրությունների նկատմամբ՛՛, ասել է Սենատում դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը։
Դոնալդ Թրամփը, որն այդ պահին գտնվում էր Շվեյցարիայի Դավոս քաղաքում՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին, ասել է, թե ինքը կուզենար լինել Սենատում ու ՝՝նայել ուղիղ նրանց կաշառված դեմքին՛՛։

Դեմոկրատների առաջնային խնդիրն այսօր ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին Սենատ հրավիրելն է, որպեսզի նա նույնպես պատասխանի սենատորների հարցերին։

Հանրապետականները պնդում են, որ նման հարցաքննությունը կարող է վնասել երկրի անվտանգությանը։

Սենատում առաջին օրվա նիստը շարունակվեց մինեւ առավոտ ժամը 2-ը։ Կայացվեց որոշում այն մասին, որ 24 ժամվա ընթացքում կողմերը պիտի ներկայացնեն իրենց հայցը եկող երեք օրերի բացման խոսքում։ Սենատորներն այս ընթացքում չունեն թվիթերով ուղիղ եթեր դուրս գալու կամ իրենց կողքինի հետ զրուցելու իրավունք։ Այս ընթացքում դրսից չի թույլատրվում ներս բերել ընթերցելու նյութեր։

Փաստարկները ներկայացնելու գործընթացը սկսվում է չորեքշաբթի օրը կեսօրին։ Այս երեք օրերից հետո, հաջորդ շաբաթ սենատորները կստանան հարցերով հանդես գալու հնարավորություն։ Նրանց դրա համար տրված է 16 ժամ։ Դրանից հետո ուշադրությունը նորից կուղղվի այն հարցի վրա, թե արդյոք նպատակահարմար է հրավիրել հավելյալ վկաների, թե ոչ։ Թրամփի հետ սերտորեն աշխատած Ջոն Բոլթոնին եւ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մուլվանեյին վկայություննորով հանդես գալու դեմոկրատների փորձերը մինչ այժմ խափանվել են։

Սպիտակ տան փաստաբանները Թրամփի պաշտպանությունը սկսելու են շաբաթ օրը։

XS
SM
MD
LG