Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը հպարտանում է առեւտրային հաջողություններով եւ իրեն համարում բնության պահպանության ջատագով


ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, թե առեւտրային երկու գործարքների արդյունքում ‘’ամերիկացիները նորից հաղթում են այնպես, ինչպես երբեք չեն հաղթել նախկինում’’: Ելույթ ունենալով Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի բացման արարողության ժամանակ` Դոնալդ Թրամփը նախ նշել է Չինաստանի հետ առեւտրի առաջին փուլի մասին:
‘’Մինչեւ նախագահ ընտրվելս, Չինաստանը վարում էր ‘’գիշատիչ’’ քաղաքականություն, որը վնասում էր բոլորի առեւտուրը: Սակայն որեւէ մեկը դրա դեմ չէր իրականացնում քայլեր, ինչի արդյունքում իրադրությունն ավելի էր վատթարանում: Իմ ղեկավարության օրոք էր, որ Ամերիկան հակադրվեց այս խնդրին: Համաձայնագրի Փուլ 1-ը ավարտելուց հետո շուտով կսկսվեն Փուլ 2-ի շուրջ բանակցությունները’’, ասել է Թրամփն ու ավելացրել, որ դրա արդյունքում Չինաստանը համաձայնվել է դիմել այնպիսի գործողությունների, որոնք այն նախկինում երբեք չէր համաձայնվում կատարել: ‘’Խոսքը մտավոր սեփականության պաշտպանության, տեխնոլոգիաների փոխանցումների, առեւտրային արգելքները հանելու, գյուղատնտեսական ապրանքների վաճառքի խոչընդոտները վերացնելու մասին է’’:

Թրամփը խոսել է նաեւ Կանադայի ու Մեքսիկայի հետ առեւտրային նոր համաձայնագրերի մասին, որոնք փոխարինել են Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի պայմանագրին:

‘’Մենք սկսել ենք ամենահավակնոտ նպատակներն ունեցող մի արշավ պատմության մեջ, որի նպատակը աշխատատեղերի կրճատումների մասին կանոնները վերացնելն է: Դրա արդյունքում ամերիկյան ընտանիքներն ամեն տարի կշահեն միջին հաշվով 3100 դոլար’’, ասել է Թրամփն ու կոչ արել մյուս երկրներին կիրառել նույն օրինակը, ազատելով քաղաքացիներին բյուրոկրատական բեռից:

Ելույթից հետո այն հարցին, թե ինչ վերաբերմունք ունի բնության պահպանության խորհրդանիշ դարձած ակտիվիստ Գրետա Թունբերգի նկատմամբ, Թրամփն ասել է, թե ինքը ‘’բնության պահպանության ջերմ աջակից է’’ եւ ուզում է, որ մաքուր լինեն օդն ու ջուրը: Հիշեցնենք, որ Թրամփը ժամանակին ծաղրել էր շվեդ ակտիվիստին, երբ վերջինս արժանացել էր ‘’Թայմ’’ ամսագրի ‘’Տարվա մարդ’’ մրցանակին:

Մինչեւ չորեքշաբթի օրը հայրենիք վերադառնալը, Թրամփը հանդիպումներ է ունենալու աշխարհի մի շարք երկրների ղեկավարների հետ, որոնց շարքում են Իրաքի նախագահ Բարհամ Սալիմը, Պակիստանի վարչապետ Իմրան Խանը, Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ինչպես նաեւ Քրդստանի ինքնավարության նախագահ Նեչիրվան Բարզանին:

XS
SM
MD
LG