Աշխարհի առաջնորդները Բեռլինում անցկացված գագաթաժողովի ժամանակ համաձայնվեցին այլեւս ռազմական աջակցություն չցուցաբերել Լիբիայի հակադիր կողմերին։ Նրանք համաձայնվեցին նաեւ պատժամիջոցներ սկսել այն երկրների նկատմամբ, որոնք կխախտեն զենքի բեռրագելքի պայմանավորվածությունը։
Ինչպես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելն ասաց գագաթաժողովի վերջում, բոլոր կողմերը ընդունել են, որ խաղաղություն այս երկրում ձեռք կբերվի միայն բանակցությունների արդյունքում։
Գագաթաժողովը հրավիրվել էր Ռուսաստանի ու Թուրքիայի միջամտությամբ հաստատված զինադադարի տապալումից մեկ շաբաթ հետո։ Լիբիայի գեներալ Հաֆթարի ուժերը, որոնք վայելում են Ռուսաստանի, Եգիպտոսի ու Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությունը, վերահսկում են երկրի արեւելքը։ Ֆայեզ ալ-Սարաջի կառավարությունը, որը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից, վայելում է ԱՄՆ-ի, Եվրոպական միության ու Թուրքիայի աջակցությունը։
Սակայն Հաֆթարի ուժերը շաբաթ օրն արգելափակել են խոշոր նավահանգիստներից նավթի արտահանումները։ Իսկ երբ կիրակի օրն ընթանում էր գագաթաժողովը, այդ ուժերը փակեցին նավթատար խողովակաշարերը։
Խոսելով այն մասին, որ նավթարդյունաբերությունն ապահովում է Լիբիայի եկամտի հիմնական մասը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասաց, թե այս երկրի ժողովուրդն անցած տարիներին արդեն իսկ կրել է ու շարունակում է կրել բազում չարչարանքներ։
՝՝2Օ11 թվականին տապալվեց Մոամար Ղադաֆիի իշխանությունը։ Սակայն տեղական պատերազմներն ու հակամարտությունները շարունակում են հյուծել երկիրը։ Ժամանակն է առաջ շարժվելու համար՛՛, ասել է Ջոնսոնը։
Եվրոպական միությունն այժմ քննարկելու է Լիբիայում ռազմական խաղաղապահ առաքելություն սկսելու հարցը։ Միությունը, որը ռազմական առաքելություններ է իրականացնում աշխարհի մի շարք երկրներում, փորձագետների մի խումբ ունի Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիեում, պաշտպանելու համար ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարությանը։ Հարցին, թե արդյոք Լիբիայի ափերի մոտ գտնվող Եվրոպական միության ծովային առաքելությունը կարող է վերսկսվել, Ֆինլանդիայի արտգործնախարարն ասել է, թե այն ՝՝հաստատ՛՛ կարող է դեր խաղալ։