Մատչելի հղումներ

Մեղմվում է առեւտրային լարվածությունն ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ


Միացյալ Նահանգները եւ Չինաստանը ստորագրեցին առեւտրային գործարքի Փուլ մեկ անվանումը կրող համաձայնագիրը, ինչը մեծապես մեղմում է աշխարհի տնտեսապես երկու գերհզորների միջեւ առկա լարվածությունը, առեւտրային պատերազմ, որը սկսվել էր 2Օ18 թվականին այն բանից հետո, երբ նախագահ Թրամփի վարչակազմը Չինաստանից ներկրվող ապրանքների վրա սահմանեց բարձր սակագներ։ Ստորագրված նոր համաձայնագիրը Թրամփն ավանեց ՝՝անհավատալի լավ գործարք՛՛։ Նրա խոսքերով, այն կարող է նպաստել աշխարհում ավելի հաստատուն խաղաղությանը։


Սպիտակ տանը համաձայնագիրը ստորագրելիս՝ Չինաստանի փոխնախագահը կարդաց իր երկրի նախագահի նամակն այն մասին, որ ՝՝երկու երկրներն ունեն հավասարության սկզբունքի ու փոխադարձ հարգանքի վրա հիմնվելով գործելու կարողություն՛՛։
Ըստ կնքված համաձայնագրի, իջեցվում է ամերիկյան սակագների մի մասը, որին ի պատասխան ընդլայնվում են դեպի Չինաստան ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների ու էներգակիրների փոխադրման ծավալները։


Պեկինը նաեւ խոստանում է ավելի մեծ պաշտպանվածություն ապահովել ամերիկյան ընկերությունների մտավոր սեփականության համար եւ պարտավորվում հրաժարվել օտարերկրյա տեխնոլոգիական միջոցները Չինաստան տեղափոխելու փորձառությունից։ Մինչ գործարքի կնքումը՝ այս շաբաթասկզբին Միացյալ Նահանգները որոշեց Չինաստանն այլեւս չհամարել արժույթը շահարկող պետություն։
Գործարքի համաձայն Ամերիկան դեռեւս պահպանելու է Չինաստանից 36Օ միլիարդ դոլարի համարժեք ապրաքների վրա սահմանված բարձր սակագները։ Եվ Վաշինգտոնը կարող է սկսել նոր տույժեր, եթե Պեկինը չհարգի կնքված գործարքի պայմանները։
Այս գործարքը չի տարածվում պետական սեփականություն համարվող ընկերությունները Չինաստանի կառավարության կողմից ֆինանսավորվելու հարցի վրա։ Այն կարող է սակայն դառնալ առեւտրային հաջորդ բանակցությունների թեմա։

Ինչպես վերլուծաբաններն են ասում, Փուլ մեկը դեռեւս չի լուծում ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ առկա առեւտրային բոլոր խնդիրները, սակայն այն, որ այս գործարքը մեծապես մեղմում է լարվածությունն աշխահրի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ, անհերքելի փաստ է։

XS
SM
MD
LG